Տոնական միջոցառումներով եւ ուրախ տրամադրությամբ մայիսի 1-ին տեղի կունենա Երեւանի կենդանաբանական այգու տարեշրջանի պաշտոնական բացումը: Այգին դռներն այցելուների համար կբացի առավոտյան ժամը 9:00-19:00-ը: Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ, տարեշրջանի բացման օրը մինչեւ 16 տարեկան այցելուների մուտքն ազատ կլինի:
Այս տարի եւս կենդանաբանական այգու այցելուներին սպասվում են հաճելի անակնկալներ եւ տոնական տրամադրություն՝ լի անմոռանալի միջոցառումներով, կենդանի երաժշտությամբ, թատերականացված ներկայացումներով, հետաքրքիր խաղերով:
Ժամը 11:30-ին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կազդարարի տոնական միջոցառումների մեկնարկը:
Այգում փոքրիկներին կդիմավորեն հեքիաթների հայտնի հերոսները`Միկի Մաուսը, Սպունգ Բոբը եւ այլ սիրելի կերպարներ: Թատերական ու երաժշտական միջոցառումները կշարունակվեն մինչ ժամը 16:00-ն:
Բազմաթիվ միջոցառումների կողքին, Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցության վկայականներ կհանձնեն «Երկրի օրվա» շրջանակներում հայտարարված «Դիմավորենք թռչուններին» առաջին՝ այգում բնադրող թռչունների բների պատրաստման մրցույթի մասնակիցներին:
Տեղեկացնենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում այգին այցելունների թվի մեծ աճ է գրանցել: Ըստ վիճակագրության, եթե 2009-ին այգու այցելուների թիվը 135.000 էր, 2010-ին` 92.793, ապա անցյալ տարի այդ թիվն ավելացել է շուրջ երեքուկես անգամ` հասնելով 316.153-ի:




























