Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը մայիսի 1-ի` աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ հանդես է եկել ուղերձով:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Մայիսի 1-ը ողջ աշխարհը նշում է որպես աշխատանքի եւ աշխատավոր մարդու տոն, որպես արարումի, համերաշխության, խաղաղության եւ բարեկեցության խորհրդանիշ:
Վերջին երկու տասնամյակներում մեզանում աղետալիորեն նոսրացել են աշխատավորության շարքերը: Հայ մարդը դեգերում է օտար ափերում` իր եւ ընտանիքի գոյության պահպանման միջոցներ գտնելու: Մինչդեռ, քարաստաններ ծաղկեցնող հային աշխատանք է պետք հենց իր հայրենիքում. Օտար եզերքներ շենացնելու փոխարեն նա ուզում է իր երկիրը դարձնել շեն ու բարեկեցիկ, որտեղ ապրում են հայրենասեր ու հայրենատեր արժանապատիվ մարդիկ:
ՀԴԿ-ն վճռական է` իրականություն դարձնելու աշխատանքի, երկրի օրինական տիրոջ Ձեր իրավունքը: Հենց այդ ուղղությամբ կուսակցության անելիքներն ամփոփված են մեր նախընտրական ծրագրում, որի յուրաքանչյուր կետի իրագործման համար պայքարելու ենք օրենսդիր մարմնում, առաջին հերթին, որպեսզի`
• վերագործարկվեն ու կառուցվեն նոր ձեռնարկություններ,
• պետության հովանավորությամբ զարգանա գյուղատնտեսությունը,
• մտավորականը, ծառայողը վայելի ստեղծարար աշխատանքի բերկրանքը:
Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը բոլոր միջոցներով նպաստելու է, որպեսզի մարդը ոչ թե բարեգործներ փնտրի ու բավարարվի սոսկ նպաստառուի կարգավիճակով, այլ իր մասնագիտությամբ, իր մտավոր ու ֆիզիկական ներուժին համազոր աշխատանք ունենա եւ արժանապատիվ աշխատանքով նշի աշխատավորության, համազգային միաբանության գալիք տոները:
Շնորհավոր մայիսի 1-ը, աշխատավորների համերաշխության տոնը»:



























