Հայ ազգային կոնգրեսը մայիսի 6–ի խորհրդարանական ընտրությունների օրը յուրաքանչյուր ընտրատեղամասում մեկական վստահված անձ է ունենալու: Այս մասին, այսօր` մայիսի 3-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԱԿ անդամ, թիվ 11 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Արշակ Բանուչյանը:
Նրա խոսքով, իր մրցակիցը փողն է, վախը եւ ընչաքաղցությունը: «Կան մարդիկ, ովքեր ընտրությունների օրը դառնում են կաշառակեր եւ չեն հասկանում, որ կաշառք տվողը հետագայում չի կարող կաշառակերության դեմ պայքարել»,- նկատեց Արշակ Բանուչյանը: Միաժամանակ վերջինս կարծում է, որ տեղամասերի ներսում խախտումներ չեն լինի, քանի որ բոլոր աշխատանքները կատարվում են դրսում` բերելով ընտրակաշառք բաժանելու օրինակը:
Հարկ է նկատել, որ նույն ընտրատարածքում է առաջադրվել նաեւ Գրիգորի Մարգարյանը (Բելաջոյի Գրիշ), Հեղինե Բիշարյանը` ՕԵԿ-ից, անկուսակցական Մանվել Եղիազարյանը եւ Կարեն Սմբատյանը:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի



























