Օրերս Նյու Յորքում էր գտնվում հարեւան երկրի նախագահ Ալիեւն իր շքախմբով: Այցի շարժառիթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այդ երկրի մեկ ամսյա նախագահությունն էր: «Ընդունված կարգի համաձայն, նախագահությունից առաջ նախագահող երկրի դեսպանը հանդես է գալիս մամուլի առջեւ: Այդ առիթը մայիսի 3-ին ընձեռնվել էր ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպան պարոն Մեհդիեւին, ով սակայն, ցավալիորեն մոռացել էր, որ այդ օրն աշխարհով մեկ նշվում է որպես ԶԼՄ-ների ազատության միջազգային օր եւԱԽ-ի հարցերին վերաբերող բրիֆինգը լրագրողների կողմից վերածվեց «ջերմ» քննարկումների, Ադրբեջանում մամուլի ու նրա ներկայացուցիչների նկատմամբ բռությունների մասին հարց ու պատասխանի եւ քննադատությունների: Որպեսզի չթվա, թե այս հոդվածը գրում եմ, քանի որ հայ եմ, կամ, ասենք, նախանձում եմ, որ Ալիեւը մի երկու ժամով նախագահել է ՄԱԿ-ում, պարզապես առաջարկում եմ ընթերցողին այցելել ստորեւ ներկայացվող կայքէջերը ու համոզվել, թե որքան զայրութ է առաջացրել ադրբեջանցի դիվանագետի անփույթ մեկնաբանությունները ու վնասել առանց այն էլ ոչ բարվոք իր երկրի միջազգային հեղինակությանը: 

http://www.rferl.org/content/azerbaijan_has_free_media_who_needs_a_special_day/24569251.html

http://pubmemo.com/i/more-news/2012/azerbaijan-has-free-media-doesnt-need-world-press-day_166095.html

http://www.talkradionews.com/news/2012/05/03/azerbaijan-forgets-about-world-press-freedom-day.html

http://www.hiiraan.com/news4/2012/may/23915/un_leader_outraged_at_mounting_media_deaths.aspx

Այսօր շատերն են Ալիեւին դասում մամուլի նկատմամբ «վայրենի» կեցվածք ունեցող առաջնորդների շարքին: Ի դեպ, այս պատճառով էլ մայիսի 3-ի երեկոյան Ալիեւի պատվին Նյու Յորքում կազմակերպված սեւ խավիարով լի շքեղ ճաշկերույթի սեղաններից շատերը դատարկ էին: Երեկոյին հրաժարվել էին մասնակցել մեծ թվով հյուրեր, օտարերկրյա դիվանագետներ: Պատճառը միայն մամուլի ազատության նկատմամբ բռնությունները չեն, այլ միջազգային հանրության համար Բաքվի անհասկանալի ու անընդունելի արտաքին ու ներքին քաղաքականությունը, մասնավորապես` հարեւան հայերի նկատմամբ ատելությունը եւ տարածաշրջանը վտանգելու արկածախնդրությունը: Ի դեպ, կիսադատարկ է եղել նաեւ մայիսի 4-ի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստերի դահլիճը:

Ընդ որում, երբ հերթը հասավ Ադրբեջանի նախագահի ելույթին` դահլիճն արդեն շուտվանից լքել էին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն ու ավելի վաղ ներկա 5-6 երկրների  դեսպանները: Սակայն, փոխարենը սրահում են եղել Ադրբեջանի դիվանագետներն ու նրանց ընտանիքների անդամները, որոնք հրճվանքով լուսանկարահանում էին իրենց առաջնորդին թանկարժեք հեռախոսներով ու լսում Ալիեւի մատուցած հերթական ցնորքաբանությունն ու քարոզչությունն ուղղված Հայաստանի ու հայերի հանդեպ:

Մայիսի 4-ի առավոտյան ՄԱԿ-ի մուտքի առջեւ, ընդդեմ հայատյացության իր բողոքի ձայն էր բարձրացրել ամերիկահայ երիտասարդությունը: Նյույորքյան այս «տհաճ» տեսարանն առաջնորդին չմատուցելու համար Ալիեւի շարասյունը ՄԱԿ մուտք է գործել կազմակերպության անշուք նկուղային հարկից, որը նախատեսված է միայն ավտոկանգառների համար: Անվտանգության նկատառումներով պայմանավորված`  այս տեղեկատվությունը եւս չեմ մատուցում ընթերցողին լոկ նրա համար որ հայ եմ, պարզապես չեմ նախանձում այն երկրի քաղաքացիներին, որի առաջնորդը 5000 մղոն կտրել անցնելուց հետո` նկուղով է սողսկրում, կներեք, մուտք գործում համաշխարհային այս կարեւորագույն կենտրոնը»,- գրում է Հայկ Սանթրոսյանը :