Հայաստանի Սահմանադրական դատարանում այսօր` մայիսի 5-ին, բանավոր ընթացակարգով քննվում է Ազգային ժողովի 28 պատգամավորների դիմումը` հակասահմանադրական ճանաչել ընտրական օրենսգրքի այն դրույթը, որով արգելվում է հրապարակել ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակը:
ՍԴ-ում հայցվոր կողմին ներկայացնում է իրավապաշտպան Վահե Գրիգորյանը, ով նշել է, որ Ընտրական օրենսգրքով սահմանված այդ դրույթները հնարավորություն չեն տալիս կյանքի կոչել Սահմանադրության իմպերատիվ դրույթը, ըստ որի «իշխանությունը պատկանում է ժողովրդին»:
Իր հերթին պատգամավոր Դավիթ Հարությունյանը, ով ՍԴ-ում ներկայացնում էր Ազգային ժողովը, նշել է, որ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակի հրապարակումը, ըստ էության, սահմանափակում է այն քաղաքացիների ազատությունը, ովքեր չեն ցանկանում, որ ընտրություններին իրենց մասնակցությունը հրապարակվի: Նա ՍԴ-ին հորդորել է մերժել ԱԺ պատգամավորների դիմումը:
Սահմանադրական դատարանում նիստը շարունակվում է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ 28 պատգամավորներ դիմել էին ՍԴ` վիճարկելով ԸՕ-ի որոշ դրույթների սահմանադրականության հարցը, ըստ որոնց, չի կարելի հրապարակել քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակները:



























