«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը առավոտվանից ահազանգներ է ստանում ընտրատեղամասերից՝ ընտրած քաղաքացիների անձնագրերում դրոշմակնիքների համար նախատեսված թանաքների՝ օրենքով սահմանված ժամկետից շուտ, իսկ ավելի ստույգ՝ մի քանի րոպեի ընթացքում անհետանալու մասին:
«Ժառանգություն» կուսակցության շտաբից հայտնում են, որ այս ահազանգերը փոխանցվել են ԿԸՀ, որը պարզաբանել է, որ պատճառը թանաքամանների չթափահարելն է եւ հրահանգել է հանձնաժողովներին այսուհետ դրոշմակնքելուց առաջ թափահարել դրանք: Սակայն ՏԸՀ-ների Ժառանգության տեղերով նշանակված անդամներից եւ ընտրություններին մասնակցած քաղաքացիներից 10:30-ի դրությամբ շարունակում են ահազանգեր ստացվել, որ նույն խնդիրը դեռ մնում է չլուծված, թեեւ թափահարելուց հետո թանաքը դրոշմակնքված անձնագրերից անհետանում է մեկ ժամվա ընթացքում:
«Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը պահանջում է որ ստեղծված իրավիճակում, երբ օրենքի պահանջի կատարումը դարձել է անհնարին, միակ լուծումը ցնդող թանաքների անհապաղ փոխարինումն է սովորական թանաքներով: Այլապես կրկնակի քվեարկության կանխումը, որի ապահովմանն է միտված օրենքի ՝անձնագրերի վերջին էջը դրոշմակնքելուն վերաբերող համապատասխան դրույթը, անհամեմատ կբարդանա, ինչը կստվերի ընտրությունների օրինականությունը:
Հիշեցնենք, որ խնդրի մասին առաջինը ահազանգել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Հիշեցնենք, որ այդ խնդրի առնչութամբ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողներին հավաստիացրել է, որ խնդիրը տեխնիկական է եղել եւ արդեն կարգավորվել է:
«Դա ընդամենը եղել է թանաքանյութը առանց թափահարելու օգտագործելու հետեւանքով: Խնդիրն արդեն կարգավորված է»,-ասել է Տիգրան Մուկուչյանը:
Նշենք, որ Հայաստանում տեղական ժամանակով ժամը 08.00-ին սկսվել է 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունների քվեարկությունը:



























