Թիվ 25 ընտրատարածքում (Հրազդան քաղաք) առաջադրված նախկին ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Սասուն Միքայելյանը չի կարող գնահատել ընտրությունների ընթացքը, քանի որ ընտրություն չի տեսնում: «Ընդամենը շատ մակարդակով փող են բաժանել, որն անախադեպ ռեկորդ է գրանցել` հասնելով 30 հազար դրամի», այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Սասուն Միքայելյանը:

«Մակարդակով փող էին բաժանում, ոչ մեկից ոչ վախենալով, ոչ բան, հետեւաբար ես այդտեղ ընտրություն չեմ տեսնում, որ գնահատեմ»,-ասաց նա, հավելելով, որ ընտրակաշառքներ բաժանվել են թե ՀՀԿ-ի, թե ԲՀԿ-ի կողմից:

«Յուրքանչյուրը 30 հազար դրամ գումար էր բաժանում: Մեր պատմության մեջ դեռ նման բան չեմ տեսել: ԲՀԿ-ն ե’ւ համամասնականի, ե’ւ մեծամասնականի համար էր փող տալիս, իսկ ՀՀԿ-ն` համամասնականի»,-ասաց նա:

Այդուհանդերձ, Սասուն Միքայելյանը չի բողոքարկելու ընտրությունների արդյունքները: «Ո՞ւմ բողոքարկեմ, որտե՞ղ բողոքարկեմ, եթե պետական մասշտաբի կաշառք է բաժանվում: Ընդամենը բողոքարկել եմ համամասնականով երկու տեղամասերի համար, որ ներկա բացակաները տեսնենք ճիշտ է, թե` ոչ: Տվյալ տեղամասերում պետք է մասնակցեր 900 մարդ, բայց մասնակցել են 1000-1100 մարդ»,-ասաց Ս. Միքայելյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հրազդանի թիվ 25/24 ընտրատեղամասում ՀԱԿ-ի ներկայացուցիչները նկատելով, որ ԲՀԿ-ի ներկայացուցիչները ընտրակաշառք բաժանելու փորձեր են կատարել, փորձել են կանխել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր  Հրազդանում ՀԱԿ գրասենյակի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանը: