«Կապրենք կտեսնենք»,- այսպես արձագանքեց Հայ ազգային կոնգրեսի անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը NEWS.am-ի այն հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ խորհրդարանում ՀԱԿ-ի խմբակցությունը հենց ինքը գլխավորի:

Նրա խոսքով, խմբակցության ղեկավարի հարցը ՀԱԿ-ում դեռ չի քննարկվել: Հարցին, թե խորհրդարանում առաջնահերթ ՀԱԿ-ը, որ հարցերն է բարձրացնելու, Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Եթե ներկայացնեն կառավարության ծրագիրը կփորձենք ցույց տալ, թե ինչ դատարկ ծրագիր են ներկայացնում, որպեսզի հանրությունը տեղյակ լինի: Այս պահին մեր ֆունկցիան այդքանի մեջ ենք տեսնում»:

Արձագանքելով հարցին, թե ԱԺ-ում ՀԱԿ-ի ներկայությունից  հասարակությունն ի՞նչ է շահելու, նախկին վարչապետն արձագանքեց. «Հասարակությունը պարզապես այնտեղ ձայն ունի, մի աչք ունի, որը կարձագանքի: Ի տարբերություն նախորդ խորհրդարանի, որտեղ ընդդիմություն կար, բայց չկար տնտեսագիտական ընդդիմություն: Իսկ այս անգամ, ոչ միայն ընդդիմություն կա, այլեւ լուրջ տնտեսագիտական քաղաքական ընդդիմություն: Իսկ ընդհանուր առմամբ, պարզ է այնտեղ այնպիսի մեծամասնություն են, որ ...:  Մեր խնդիրն ԱԺ-ում այն է, որ թույլ չտանք նրանց, որ համը շատ հանեն: Նրանք համը հանելու են ոնց պատահի: Հետեւաբար`մեր խնդիրն է հասարակությանը տեղյակ պահել, թե ինչ է կատարվում խորհրդարանում, մասնավորապես, տնտեսական հարցերում»: