ԿԸՀ-ի առջեւ հացադուլ հայտարարած նախկին ԱԺՄ-ական Արտավազդ Վարդանյանին այս գիշեր առեւանգել են անհայտ անձինք: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց լրագրող, հրապարակախոս Արմեն Հովհաննիսյանը:
Վերջինիս խոսքով, հարձակվողները կոտրել են արդեն 7 օր շարունակ հացադուլ անող Վարդանյանի հովանոցը, խլել են ծածկոցները: «Արտավազդ Վարդանյանին մտցրել են մեքենա եւ տարել Մուսալեռ գյուղ, որտեղ իրենց դիմավորել է գյուղապետը, որը, ըստ ամենայնի, տեղյակ էր կատարվելիքի մասին: Նրանից պահանջել են չվերադառնալ հացադուլի վայր»,- նշեց մեր զրուցակիցը:
Արտավազդ Վարդանյանը, սակայն, կարողացել է իր ուժերով վերադառնալ ԿԸՀ֊ի մոտ:
Ինչպես արդեն հայտնել էր NEWS.am-ը, մայիսի 9-ին, ժամը 15.15-ի սահմաններում Արտավազդ Վարդանյանի համար վրան էր տեղադրվել, սակայն 20-30 րոպե հետո Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը եկել եւ անձամբ հանել է տեղադրված վրանը, ինչպես նաեւ վերցրել էր հովանոցը:
Հացադուլավորն ավելի վաղ հայտնել էր, որ իր առողջական վիճակն այնքան էլ լավ չէ, եւ մայիսի 10-ին` հացադուլի 7-րդ օրը, ինչպես խոստացել էր, կհայտարարի` շարունակո՞ւմ է հացադուլը, թե` ոչ:



























