Հայաստանի քաղաքագետների միության նախագահ եւ ԲՀԿ համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու Հմայակ Հովհաննիսյանը, անդրադառնալով արդեն նոր գումարման խորհրդարանում ՀԱԿ-ԲՀԿ-ՀՅԴ համագործակցության հնարավորությանը, թերթի հարցադրմանն ի պատասխան, այն  առավել քան ռեալ համարեց:

«Համենայնդեպս, ընտրական օրենսդրության արմատական բարեփոխման եւ  երկրում ստեղծված ընտրական արատավոր համակարգի փոփոխության ու  իրապես ժողովրդավարական ընտրությունների մեխանիզմի հաստատման ուղղությամբ  համագործակցությունը, անշուշտ, պետք է ԱԺ-ում շարունակվի, որովհետեւ դրա համար լուրջ հիմքեր ստեղծվել են շտաբի շրջանակներում, որտեղ այդ ուղղությամբ համագործակցությունն արդյունավետ է եղել»:

Իսկ ահա ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիա ձեւավորելու վերաբերյալ էլ  այսպիսի  կարծիք հայտնեց. «Գտնում եմ, որ վաղուց էր պետք  հրաժարվել ինքնանպատակ կոալիցիոն ձեւաչափից: Կոալիցիան, եւ դա ասվել է նաեւ շտաբի շրջանակներում տեղի ունեցած լսումների ընթացքում, երբ դրան ներկա էր նաեւ ՀՀԿ-ից Գալուստ Սահակյանը, պետք է բխի ընտրությունների արդյունքից, եւ պետք է արտացոլի ուժերի իրական հարաբերակցությունը:

Բայց քանի որ ուժերի իրական հարաբերակցությունն այս ընտրությունների պաշտոնական արդյունքներով չարտացոլվեց եւ չի արտացոլվելու խորհրդարանում՝ ուստի կոալցիային ձեւավորումը  դառնում է հերթական անգամ ինքնանպատակ, եւ ամենեւին էլ  չի կարող արդյունավետ լինել՝ որպես երկրի  կառավարման մեխանիզմ: Ինչ վերաբերում է կոնկրետ տարբերակներին, եւ թե քաղաքական կոնֆիգուրացիաներից ո՞ր մեկը կուրվագծվի նոր խորհրդարանում, ապա այդ մասին դատողություններ կարող ենք անել ավելի մոտ ապագայում՝ ԱԺ անդրանիկ նստաշրջանի գումարմանը»,- ասել է նա: