Թերթը զրուցել է թիվ 10 ընտրատարածքից ընտրված պատգամավոր, «Նուշիկյան ասոցիացիայի» նախագահ Գարեգին Նուշիկյանի հետ.
Ձեր եւ երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուի ստացած ձայների տարբերությունը կազմեց ընդամենը մոտ 400։ Ինչո՞վ դա կարելի է բացատրել։
Ասեմ, որ մրցակցությունը բավական ծանր ու դժվարին էր, բայց մեր թիմը կարողացավ նույնիսկ այդ պայմաններում արձանագրել մեր արդար մրցակցության առավելությունը: Այդ առավելությունը, ըստ քվեարկության արդյունքների, 400 քվեից մի փոքր ավելին էր, սակայն ավելի քան 2 հազար քվեաթերթիկ ոչ շատ հիմնավոր, հաճախ միանգամայն վիճարկելի պատճառներով, անվավեր է ճանաչվել:
Այդ անվավեր քվեաթերթիկները ուսումնասիրելու միջոցով կարելի է համոզվել, որ ընտրողը պարզորոշ քվեարկել է իմ օգտին: Սակայն դրանից հետո քվեաթերթիկի վրա միտումնավոր միջամտություններ են եղել, եւ դրանք անվավեր են դարձել:
Բացի դրանից, քվեների հաշվարկման փուլում քվեատուփում հարյուրավոր դատարկ ծրարներ են հայտնաբերվել, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ քվեաթեթիկները զանգվածաբար դուրս են հանվել տեղամասից, ապա դա կազմակերպողի նշումներով նորից ներս են տարվել:
Միանգամայն հասկանալի է ու կարելի է ենթադրել, որ այս ամենը կատարվել է միտումնավոր, ոչ առանց ֆինանսական շահագրգռության:
Մենք նաեւ ուսումնասիրել ենք թիվ 10 ընտրատարածքի բոլոր տեղամասերի քվեարկության արդյունքները: Միանգամայն ակնհայտորեն երեւում է, որ մայրաքաղաքի փոքր կենտրոնն ընդգրկող տեղամասերում ընտրողները իրենց կամքն ազատորեն արտահայտելու հնարավորություն ունեցել են, եւ արձանագրված տվյալները, իրոք, արտացոլել են քվեարկության պատկերը: Մինչդեռ մի քանի տեղամասերում արձանագրությունների համապատասխանությունը իրականությանը խիստ կասկածելի է, քանի որ ներկայացված են անտրամաբանական ու անհասկանալի թվեր:
Թեկնածուներին տրված քվեների նման կտրուկ տարբերություն կարող էր լինել միայն ֆինանսական կամ այլ կողմնակալությամբ քվեարկելու պարագայում:
Պարոն Նուշիկյան, կարելի՞ է ենթադրել, որ ձեր դեմ ոչ միայն ՀԱԿ-ն ու ձեր մրցակիցներն են պայքարել:
Միանգամայն ճշգրիտ դիտարկում է: Վստահորեն կարող եմ ասել, որ ՀԱԿ-ի առաջադրած թեկնածուին բացահայտորեն պաշտպանում էին նաեւ «Բարգավաճ Հայաստան» ու «Ժառանգություն» կուսակցությունները՝ իրենց բոլոր հնարավորություններով ու կարողություններով:
Հատկապես հարկ եմ համարում շեշտել, որ «Ժառանգության» հետ համամասնական ցանկով ընտրության գնացած «Ազատ դեմոկրատների» առաջնորդները, ինչպեսեւ հրապարակավ հայտարարել էին, պաշտպանել են իմ թեկնածությունը: Մինչդեռ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ իր կուսակցությունը պաշտպանելու է ՀԱԿ-ի թեկնածուին:
Եւ ԲՀԿ-ականները, եւ ժառանգականները առնվազն ականատես եղել են եւ իրենց պաշտպանյալի թիմի կատարած ընտրախախտումներին, եւ ընտրակաշառք բաժանելու իրողությանը: Նրանք այդ մասին որեւէ հայտարարություն չեն արել, կանխելու որեւէ քայլ չեն ձեռնարկել:
Հետեւաբար բացահայտ է, թե լրատվամիջոցների հրապարակումները՝ ընտրակաշառքի աննախադեպ ծավալների զանգվածայնության մասին, որ թեկնածուին են վերաբերում: Միաժամանակ չկա որեւէ հրապարակում, որում անգամ կասկած հայտնված լինի, թե Նուշիկյանի թիմը ընտրակաշառք է բաժանում:



























