Ֆրանսիայից ճանապարհվել է հսկայական իգլու հիշեցնող լողացող հետազոտական կայանը։ Կայանի անձնակազմը կրակային պատրաստության ամբողջական դասընթաց է անցել։ Կայանն ուղևորվել է Արկտիկա՝ երկարաժամկետ առաքելություն իրականացնելու։
«Tara Polar Station» կայանը, որն ընդունակ է աշխատել մինչև −52°C ցրտի պայմաններում, սառույցների մեջ կլողա մինչև հաջորդ տարվա վերջ (մեծամասշտաբ գիտական նախագծի շրջանակում)։
Նախատեսված տասը արշավախմբերից առաջինի ընթացքում (դրանք անցկացվելու են երկու տարին մեկ՝ 2026-ից 2045 թվականներին) նավում գտնվող հետազոտողները ջրի, մթնոլորտային օդի և ծովային սառույցի ավելի քան 10 000 նմուշ կհավաքեն։
Անձնակազմի յուրաքանչյուր անդամ հրազենի կիրառման դասընթաց է անցել՝ մոլորակի ամենահյուսիսային լայնություններում դրեյֆի ընթացքում սպիտակ արջերի հնարավոր հարձակումներից պաշտպանվելու համար։
Կլորավուն ձևի շնորհիվ կայանը դիմանում է սառույցների հսկայական ճնշմանը և տեղաշարժվում սառցադաշտերի հետ մեկտեղ՝ ուսումնասիրելով Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի կյանքն ու կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքները։
«Tara Ocean Foundation» հիմնադրամի գործադիր տնօրեն Ռոմեն Տրուբլեն նշել է, որ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը դեռ «քիչ է ուսումնասիրված», բայց միևնույն ժամանակ «արագորեն փոխվում է» և «մասշտաբային ձևափոխություն» է ապրում։
«Անհնար է հասկանալ շրջակա միջավայրը, եթե այնտեղ անցկացնում ես տարեկան ընդամենը երկու ամիս», — հավելել է նա։
Գիտական կայանը կառուցվել է Ֆրանսիայում, սակայն նախագծին մասնակցում է 30 հետազոտական կենտրոն 12 երկրից, այդ թվում՝ Գերմանիայից, Կանադայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից և Ճապոնիայից։
Երբ կայանը դուրս է եկել Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Լորյան նավահանգստից, նավամատույցում հավաքված հարյուրավոր մարդիկ այն ճանապարհել են ծափահարություններով։ Արարողությանը ներկա է եղել նաև Ֆրանսիայի ծովային հարցերով նախարար Կատրին Շաբոն։
Երթուղին և կյանքը նավի վրա
Արտաքուստ հսկայական լողանշանի վրա տեղադրված իգլու հիշեցնող կառույցն օգոստոսից սկսած կշարժվի դեպի արևելք (Ռուսաստանի ափերի երկայնքով), իսկ նրա ճանապարհը բացելու է սառցահատը։
Սեպտեմբերի սկզբին կայանը կհայտնվի սառցադաշտերի մեջ և, ըստ կանխատեսումների, կդրեյֆի օրական միջինում 10 կմ արագությամբ, որպեսզի հաջորդ տարվա վերջին հասնի Գրենլանդիայի և Շպիցբերգենի միջև գտնվող Ֆրամի նեղուց։
Ձմռանը նավի վրա կլինի 12 մարդ (այդ թվում՝ վեց գիտնական), իսկ ամռանն անձնակազմը կընդլայնվի՝ հասնելով 18-ի։
Թիմի անդամների ընտրությունն իրականացվել է բժշկական ու հոգեբանական խիստ թեստերի, ինչպես նաև թիմային փոխգործակցության վարժությունների միջոցով։
«Մենք չէինք փնտրում արկածախնդիրների, որոնք երազում են միայնակ նվաճել Հյուսիսային բևեռը։ Նպատակն էր հավաքել այնպիսի մարդկանց, որոնք կկարողանան լեզու գտնել միմյանց հետ և հանգիստ գոյակցել փակ տարածքում», — պարզաբանել է արշավախմբի տնօրեն Կլեմանտին Մուլենը։
Նրանք, ովքեր նավի վրա կմնան ձմռանը, ստիպված կլինեն առերեսվել հինգ ամիս տևող ամբողջական բևեռային գիշերվա, կլաուստրոֆոբիայի, ծայրահեղ ցրտի և գիշատիչներից սպառնացող մշտական վտանգի հետ։
«Արջերի հարցը շատ լուրջ է, — ասում է գենոմիկայի հետազոտող ու անձնակազմի անդամ 58-ամյա Էրիկ Պելտիեն։ — Սա հեշտ պատմություն չէ․ այստեղ տանտերը հենց արջն է, նա սովոր է որս անելուն և կարողանում է հիանալի թաքնվել սառցակույտերի հետևում»։
Անձնակազմի բոլոր անդամները հրաձգության դասընթաց են անցել․ բացի այդ, նավում կա նաև շուն, որը կօգնի ժամանակին նկատել մոտեցող կենդանիներին։
Հետազոտական նմուշների հավաքումն իրականացվելու է կայանի կորպուսի հատուկ անցքիև նավային սարքավորումների միջոցով։
«Հյուսիսային բևեռում առկա է եզակի կենսաբազմազանություն, որը հարմարվել է բացառապես այս պայմաններին։ Եթե միջավայրը փոխվի, այս էկոհամակարգը կարող է անհետանալ, — եզրափակել է Ռոմեն Տրուբլեն։ — Մենք կարող ենք մոլորակի վրա կյանքի էվոլյուցիայի մի ամբողջ գլուխ կորցնել՝ նույնիսկ չհասցնելով փաստագրել այն»։




























