«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի կողմից` մանդատը չվերցնելու քայլը մեզ համար անակնկալ չէր եւ դրա մասին մենք վաղօրոք տեղյակ էինք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի անդամ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: «Նա բազմիցս հայտարարել է, որ ինքն իրեն Ազգային ժողովում չի պատկերացնում, որ այդտեղ աշխատանքն իր համար խորթ է եւ ինքն ավելի կցանկանար գործադիրում պաշտոնավարել»,- նշեց նա:

Հարցին, թե ուրա՞խ եք, որ Արամ Սարգսյանի պատգամավորական մանդատը Ձեզ է հասնելու, թե» Դուք եւս այն վայր կդնեք` հօգուտ ինչ-որ մեկի, Ջհանգիրյանը պատասխանեց. «Այսպես ասեմ` շատ հիացմունքի մեջ չեմ, բայց ես մանդատը վայր չեմ դնի»:

Անդրադառնալով Արամ Սարգսյանի` Հայ ազգային կոնգրեսից դուրս գալու հավանականությանը, ապա, դա, նրա խոսքով, «Հանրապետություն» կուսակցության խնդիրն է, որի քաղխորհուրդը, համակիրները կհավաքվեն, կքննարկեն եւ վստահ է, որ ճիշտ որոշում կկայացնեն:

Ինչ վերաբերում է այն տեսակետին, որ «Հանրապետություն» կուսակցության` ՀԱԿ-ից դուրս գալով Կոնգրեսը կթուլանա, Գագիկ Ջհանգիրյանը չցանկացավ պատասխանել այդ հարցին` հավելելով, որ «վստահ է, որ «Հանրապետություն» կուսակցությունը կքննարկի եւ ճիշտ որոշում կկայացնի թե իր, թե ՀԱԿ-ի, թե հայ ժողովրդի համար»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը վայր է դնում իր մանդատը եւ ՀԱԿ-ին հաջողություն ցանկանում` չբացառելով ՀԱԿ-ից դուրս գալը: Արամ Սարգսյանի կողմից մանդատը չվերցնելու դեպքում, ՀԱԿ-ի համամասնական ցուցակով պատգամավոր կդառնա նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Մինչ այդ մանդատը չվերցնելու որոշում էր կայացրել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի արդյունքում պատգամավորի մանդատ կստանա նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին: