Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, քաղաքում լայն թափով շարունակվում են շենքերի լվացման, ներկման, վերանորոգման եւ արտաքին գեղարվեստական լուսավորության ապահովման, ինչպես նաեւ մի շարք կամարանցումներում նկարազարդման աշխատանքները: Քաղաքապետարանի 2012թ.-ի ծրագրով նախատեսված 140 շենքերից արդեն լվացվել եւ վերանորոգվել են 35 շենքերի ճակատային հատվածները:
Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ Երեւան քաղաքի զարգացման ընթացիկ տարվա ծրագրով արդեն գիշերային լուսավորությամբ ապահովվել է 168 փողոց եւ բակ, ինչպես նաեւ 14 այգի: Տարոն Մարգարյանը հանձնարարել է լրացուցիչ ծրագրերով արտաքին լուսավորությամբ ապահովել նաեւ բարեկարգվող բակերն ու այգիները:
Անդրադառնալով բակային տարածքների բարեկարգման աշխատանքներին, Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանի ծրագրերով, ինչպես նաեւ մասնավոր հատվածի հետ համագործակցության արդյունքում ավելի քան 300 բակային տարածք է բարեկարգվել:
Զեկուցվել է, որ մայրաքաղաքում արդեն ավարտվել են նաեւ 437 նստարանների եւ 295 աղբամանների տեղադրման աշխատանքները: Տարոն Մարգարյանը հանձնարարել է անհրաժեշտության դեպքում ավելացնել դրանց քանակը, ինչպես նաեւ գույքագրել Կենտրոն վարչական շրջանում տեղադրված հին նստարաններն ու աղբամանները եւ դրանք նույնպես փոխարինել նորերով: Քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկայում նոր նստարաններով եւ աղբամաններով կկահավորվեն նաեւ մայրաքաղաքի մյուս վարչական շրջանները:
Երեւանի փողոցներում եւ բակային տարածքներում 2012 թվականի ծրագրով իրականացվող ասֆալտապատման աշխատանքների մասով զեկուցվել է, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա հսկողություն իրականացնել, ինչպես ճանապարհաշինական ծրագրերի, այնպես էլ ասֆալտապատման աշխատանքների կատարման ընթացքին` խստորեն հետեւելով որակի պահպանմանը. «Բոլոր այն տեղերում, որտեղ ասֆալտբետոնե ծածկույթի վերականգնման եւ ճաքալցման աշխատանքներն անորակ եւ թերի են կատարվել, պարտադրել կապալառու կազմակերպություններին իրենց միջոցներով վերացնելու թերությունները»,- ընդգծել է քաղաքապետը:




























