Միջազգային շուկայում նկատվում է պղնձի դեֆիցիտ, տեղեկացնում է Metall bulletin կայքը:  Ենթադրվում է, որ դեֆիցիտը 2012 թ. ընթացքում կկազի 400 հազ. տոննա: Տարեսկզբից արդեն իսկ առկա է պղնձի դեֆիցիտ, ամսական 29 հազ. տոննայի չափով:

Որոշ փորձագետներ արդեն իսկ կարծիք են հայտնել, որ պղնձի տարեկան միջին գինը 8000 դոլար/տոննայից ավելի կլինի: Պղնձի դեֆիցիտին կնպաստի Չիլիից արտահանման նվազումը: Արդեն ապրիլի տվյալներով, այդ երկրից, որը պղնձի խոշորագույն արտահանողն է, արտահանումը նվազել է մոտ 400 մլն դոլարով եւ կազմել 3.5 մլրդ դոլար: Նվազում են նաեւ պղնձի արտադրության ծավալները Չինաստանում:

Լոնդոնի մետաղների բորսայում մայիսի 15-ի դրությամբ պղնձի տոննայի արժեքը 7850 դոլար էր:

Նշենք, որ պղինձը Հայաստանի արտահանման կառուցվածքում կարեւորագույն նշանակություն ունի: Տարեկան կտրվածքով Հայաստանն արտահանում է 115-120 հազ. տոննա պղնձի հանքաքար եւ խտահանք, ինչն ապահովում է 250-260 մլն դոլարի մուտքեր: