Խոհանոցը շատ կարեւոր տուրիստական առաջարկ է: Այդ մասին այսօր` մայիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայ խոհարարական ավանդույթների պահպանման եւ զարգացման» հ/կ-ի ղեկավար Սեդրակ Մամուլյան: Նրա խոսքով` զբոսաշրջիկի մոտ տվյալ երկրից մնում է տեսողական օրգանների եւ քիմքի զգացողությունները, սակայն կերակրի համն ամենաուշն է մոռացվում:
Ըստ խոհարարի` հայերն առաջարկում են աշխարհի ամենահզոր, ամենահամեղ կերակրատեսակները; Դեռ հեթանոսական շրջանում հայերն ունեցել են լավ մշակված սննդի համակարգ: Խոհարարը թվեց նաեւ մի շարք ազգային կերակուրներ, որոնց զգալի մասի անունները, ցավոք, լայն հանրությանը ծանոթ չեն. բոզբաշ, մախոխ, տոլմայի տարբեր տարատեսակներ, հագանիներ, բորանիներ եւ այլն; Ըստ Մամուլյանի` հանրությանն առավել հայտնի են այն կերակրատեսակները, որոնց պատրաստումը միտք ու եռանդ չեն պահանջում, օրինակ, խորովածը:
Զբոսաշրջիկներին ներգրավելու համար այս տարի Հայաստանում կանցկացվեն 4 խոհարարական փառատոններ. օրինակ` Նավասարդը (թոնրատոն) Սեւանի տարածաշրջանի Ծաղկունք գյուղում, օգոստոսի 11-ին; Կազմակերպվեն ձիախաղեր, կցուցադրվեն թոնրում պատրաստվող բոլոր կերակրատեսակներ; Սարդարապատում կկազմակերպվի տոլմայի երկրորդ փառատոնը, Ախթալայում` խորովածի փառատոնը, Արենիում` գինու փառատոնը:


























