Աջափնյակի մետրոյի ծրագրի կառավարչի ընտրության համար արդեն ընկերությունների ցանկ է կազմվել, և դրանց թվում նաև ռուսական ընկերություններ կան։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9–ին, Երևանի մաքրման համար ձեռք բերված նոր հատուկ տեխնիկայի՝ ձեռքի փոշեկուլները ներկայացնելու ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, հաղորդում է «Ազատությունը»։
Հարցին՝ կա՞ առաջընթաց Աջափնյակի մետրոյի ծրագրում, Ավինյանը պատասխանեց՝ «այո, կա, քննարկում կա»։
«Կա ցանկ՝ նախագծի կառավարման համար ընտրվելիք ընկերությունների, որոնց հրավեր է ուղարկվելու, և մրցութային տրամաբանությամբ իրենց միջից ընտրություն է կատարվելու», - ասաց քաղաքապետը։
Նրա խոսքով՝ նախ պետք է ընտրվի ծրագրի կառավարիչը, որը նաև իր ինժեներներով կիրականացնի տեխնիկական վերահսկողությունը, իսկ դրանից հետո՝ մետրոյի բուն շինարարությունն իրականացնող ընկերությունը։
«Մեզ պետք է նախագծի կառավարիչ, տեխնիկական վերահսկողություն՝ իր իսկ ինժեներներով, հետո վերջում մեզ նոր պետք է հենց բուն մետրոյի կառուցողը։ Առաջինի՝ կառավարչի մասով ցանկ ունենք, կառուցողների մասով որոշակի պատկերացումներ ունենք», - նշեց Ավինյանը։
«Ազատության» ճշտող հարցին՝ հնարավո՞ր է, որ ծրագրում ռուսական կողմը ներգրավվի, քաղաքապետը պատասխանեց՝ «դա ցույց կտա կյանքը»։ Հարցին՝ ռուսական ընկերություններ կա՞ն դիտարկվողների ցանկում, նա հաստատեց՝ «այո, կան»։





























