Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ինչ-որ հարցերում զիջումների գնան ԼՂ խնդիրը լուծելու համար: Նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Փերին դե Բրիշամբոն, ով հուլիսի 15-ից եռօրյա այցելությամբ գտնվում է Բաքվում: «Ես կարծում եմ, կարեւոր փուլ են համարվում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների այսօրվա ու վաղվա հանդիպումները Մոսկվայում»,- ասել է նա:

Նշենք, որ երկու երկրների նախագահները կհանդիպեն այսօր, իսկ վաղը նրանց կմիանա նաեւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կարեւոր նշանակություն է տվել «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա) նախագահների հայտարարությանը: «Նշանակալի է, որ Մինսկի խմբի համանախագահների գործունեության մեջ աշխուժացում է նկատվում: Երեկ նախագահ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ ես նրա կողմից հետաքրքրություն տեսա ԼՂ խնդրի լուծման հարցում: Հույս ունեմ, որ այդ հակամարտությունը մոտ ժամանակներս կլուծվի»,- նշել է Բրիշամբոն: