Հինգշաբթի՝ հունիսի 7-ին, ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) ղեկավար Բեն Բերնանքեն հերթական անգամ ելույթ է ունեցել երկրի Կոնգրեսի առաջ։ Այդ իրադարձությանը սպասել են շատերը։ ԴՊՀ-ի ղեկավարի խոսքից է կախված եղել միջազգային արժույթի շուկայում դոլարի փոխարժեքի բարձրացումը։
Շատ երկրների կենտրոնական բանկեր իրենց միջազգային պահուստների մեծ մասը դոլարով են պահում։
Որպես համաշխարհային դրամական միավոր՝ դոլարն օգտագործվում է արտաառեւտրային գործողությունների ժամանակ։ Այդ պատճառով էլ նրանից է մեծապես կախված շատ երկրների ներկրման եւ արտահանման իրավիճակը։
ԴՊՀ-ի ղեկավարն ասել է այն, ինչ վաղուց բոլորին էր հայտնի։ Իբր ԱՄՆ-ի գլխավոր ռիսկերը կապված են Եվրոպայի հետ, եւ որ դոլարի տնտեսությունը դեռեւս թույլ է։
Սակայն, ընդհանուր առմամբ, կարելի է սպասել դոլարի հետագա ամրապնդմանն արժույթի միջազգային շուկայում։ Նշենք, որ վերջին օրերին դոլարը հասցրել էր թանկանալ ԱՄՆ-ի խոշորագույն 6 գործընկեր-երկրների արժութային համակարգում։
Հայաստանում դոլարի փոխարժեքը բավականին զգալի նշանակություն ունի:
Բայց, արդեն հիմա դոլարը հերթական անգամ մեր հասարակության մեջ քննարկման թեմա է դարձել: Իհարկե, համաշխարհային այդ արժույթի հետեւողական հաստատումն սկսվել էր արդեն նախորդ տարվա սեպտեմբերից, բայց թեման վերարծածվեց Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո: Առանձին փորձագետներ դոլարի ամրապնդումը կապում են դրամի զանգվածի աճի հետ (ընտրակաշառքներով պայմանավորված):
Սկզբունքորեն նման բան հնարավոր է, բայց կա մեկ «բայց». որպեսզի դոլարի փոխարժեքը տատանվի առաջարկին եւ պահանջարկին համապատասխան, պահանջվում է արժութային ազատ շուկա:
Հայաստանը փոքր երկիր է` տնտեսության բարձր կենտրոնացմամբ: Այն ապրանքաշուկաները, որոնք սկզբունքորեն կարելի է մենաշնորհացնել, վաղուց արդեն մենաշնորհացված են կամ գտնվում են մի քանի առեւտրային ընկերությունների ձեռքում:
Այն, որ մեր տնտեսությունում գերիշխում է օլիգոպոլիան, վաղուց նշում են նույնիսկ միջազգային ֆինանսական կառույցների տեղական ներկայացուցիչները: Ուստի չափազանց միամիտ կլինի խոսել արժութային շուկայում լիակատար ազատության մասին:
ԿԲ-ն, արժութային ներդրումներին զուգահեռ, հզոր լծակներ ունի առեւտրի մասնակիցների վրա ազդելու:
Ամեն դեպքում, դոլարի փոխարժեքը հունիսի 6-ին հասել է վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշին` 413,26 դրամի, բայց տառացիորեն երկու օր անց` հունիսի 8-ին, «թուլացավ» 0,51 տոկոսային միավորով:
Դոլարի փոխարժեքի հետ կապված հարցերով ապրիլի որոշ ցուցանիշներ բերենք (Մայիսի համար նախնական տվյալները պաշտոնական վիճակագրությամբ կներկայացվեն միայն հունիսի 20-ին):
Ապրիլին Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունում բացասական սալդոն կազմել է 263,9 մլն դոլար: Երկրի առեւտրային բանկերի միջոցով ֆիզիկական անձանցից ստացվող տրանսֆերտներում դրական սալդոն կազմել է 110,5 մլն դոլար:
Միջազգային մաքուր պահուստները, որոնք մարտի վերջին կազմել էին 367,377 մլրդ դրամ, ապրիլի վերջին նվազել են 358,363 մլրդ դրամի, այսինքն` կրճատվել 9,0 մլրդ դրամով (մոտ 23,4 մլն դոլար):
Արտասահմանյան ներդրումների վերաբերյալ ապրիլ ամսվա համար տվյալները բացակայում են: Այնպես որ, ստիպված ենք դրանք դիտարկել ընթացիկ տարվա 1-ին եռամսյակի տվյալների վրա հիմնվելով, երբ դրանց ընդհանուր քանակը կազմել էր 148,7 մլն դոլար, այսինքն` միջինը ամսական հիսուն միլիոն դոլար:
Եթե ենթադրենք, որ ապրիլին նույն չափով ներդրումներ են կատարվել, ապա արժութային բացասական սալդոն արտաքին առեւտրաշրջանառությունում կրճատվում է 100 միլիոն դոլարով, ինչն, իհարկե, ճշգրիտ թիվ չէ: Այս պարագայում հույսը միջազգային ֆինանսական կազմակերպություններն են:
Դոլարի փոխարժեքի վրա, վերոնշյալներից բացի, ազդում է այլ գործոնների մի ամբողջ համակարգ: Այսպես, օրինակ, ապրիլին «օտար արժույթով» (հիմնականում դոլարով) բնակիչների կողմից թողնված ավանդները աճել են 25,5 մլն դոլարով:
Հաշվի առնելով վերոնշյալները՝ կարելի էր ենթադրել, որ այդ պայմաններում դոլարի փոխարժեքն անպայման պետք է բարձրանար, ընդ որում՝ նշանակալի, սակայն, ապրիլի սկզբից Հայաստանում ԱՄՆ դոլարի միջին կուրսը բարձրացել էր ընդամենը 1,91 դրամով՝ 390,25 դրամից մինչեւ 392,16 դրամ։
Այժմյան դոլարի կուրսի բարձրացումը փոփոխությունների է հանգեցնում արժույթի շուկայում, ինչպես նաեւ քաղաքացիների սպասելիքներում, որոնք դրսից գումարներ են ստանում դոլարով։ Դոլարի վաճառողները, բնականաբար, սպասում են նրա հետագա թանկացմանը, իսկ ահա գնորդները, հակառակը, շտապում են դրամը դոլարով փոխանակել։
Արդյունքում խախտվում է հավասարակշռությունը, որն էլ հանգեցնում է դոլարի կուրսի հետագա թանկացմանը։ Արժույթի շուկայի կարգավորմանը կօգնի միայն դոլարի նկատմամբ դրամի կուրսի հստակ կայունությունը՝ թեկուզ մեկ շաբաթ։
Սակայն ի վիճակի կլինի՞ Կենտրոնական բանկը դոլարի սակավության դեպքում հասնել դրան, արդեն այլ հարց է։
Ալբերտ Խաչատրյան


























