Օրերս, Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանին` տիկնոջ Վերա Սեդրակյանի ուղեկցությամբ:
Ողջունելով ՀԲԸՄ նախագահի այցը համայն հայության հոգեւոր կենտրոն` Գարեգին Բ-ն, ի դեմս տիար Պերճ Սեդրակյանի, իր օրհնությունն ու գնահատանքն է հայտնել ՀԲԸՄ անդամներին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հանդեպ շարունակ ցուցաբերվող նվիրումի եւ աջակցության համար:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել սփյուռքում ու հայրենիքում Միության ջանքերով իրականացվող ազգանպաստ գործունեությանը, ինչպես նաեւ հայ եկեղեցու հետ համատեղ իրականացվող ծրագրերին:
Այս առիթով ՀԲԸՄ նախագահը շնորհակալություն է հայտնել Կաթողիկոսին մշտական զորակցության, մասնավորաբար ՀԲԸՄ հերթական` 87-րդ Ընդհանուր անդամական ժողովը հոկտեմբերի 20-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանի շենքում, անցկացնելու հնարավորության համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ազգային-եկեղեցական կյանքում առկա զանազան խնդիրներ եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին առնչվող հարցեր:
Հանդիպումից հետո տեր եւ տիկին Պերճ եւ Վերա Սեդրակյանները ծանոթացել են Ս. Էջմիածնում ընթացող լայնածավալ շինարարական, այդ թվում Սեդրակյան ամուսինների ազնիվ բարերարությամբ իրականացվող Հին Վեհարանի հիմնանորոգության եւ վերակառուցման աշխատանքներին:




























