Արցախի փողոցում մայիսի 17-ին տեղի ունեցած սարսափելի վթարի փաստով Երեւանի քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցված քրեական գործը կարճվել է 2011թ հուլիսի 17-ին: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին նաեւ Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Գործի քննության ընթացքում պարզվել է, որ վթարի մեղավորը` «Մերսեդես» մակնիշի 23 ՍԼ 673 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Սերգեյ Բախշյանն է եւ քանի որ նա, այս պարագայում` որպես հանցագործության սուբյեկտ, մահացել է, ուստի գործը չի ուղարկվել դատարան, այլ կարճվել է:
Դեռ նախաքննության ընթացքում «Գարանտ Լիմենս» ապահովագրական ընկերությունը, որտեղ ապահովագրվել էր վթարի ենթարկված թիվ 76 երթուղային տաքսին, հոգացել էր Արցախի փողոցում տեղի ունեցած սարսափելի վթարից հետո հիվանդանոց տեղափոխված 9 քաղաքացիների բժշկական ծախսերը` ընդհանուր առմամբ վճարելով 2մլն 65 հազար դրամ: «Մինչեւ գործի ավարտը, «Գարանտ Լիմենսը» կփոխհատուցի, իսկ գործի արդյունքում, եթե պարզվի, որ մեղավորը «Մերսեդեսն» է եւ մեքենան ապահովագրված չէր, ապա «Գարանտ Լիմենսը» իր կանխավճարային գումարները կստանա ապահովագրողների բյուրոյից»,- ասել էր «Գարանտ Լիմենս» ապահովագրական ընկերության տնօրեն Արտակ Մարտիրոսյանը:
Ավտոապահովագրողների բյուրոյից մեզ հայտնեցին, որ «Մերսեդեսը» ապահովագրված չէր, հետեւաբար թե «Գարանտ Լիմենսի» բժշկական ծախսերը, թե զոհվածների ընտանիքներին, թե վիրավորներին պետք է փոխհատուցեն իրենք: NEWS.am-ը գրավոր հարցում ուղարկեց բյուրո` փորձելով պարզել, թե ինչքան գումար են փոխհատուցել «Գարանտ Լիմենսին» եւ թե ինչքան գումար են ստացել վիրավորները եւ զոհերի ընտանիքները:
Մեր գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնեցին, որ Բյուրոն ՀՀ օրենսդրության համաձայն իրավասու չէ տրամադրել հարցված տեղեկատվությունը, քանի որ այն համարվում է ապահովագրական գաղտնիք, որի հրապարակումն արգելվում է: Նրանք միայն հավաստեցին, որ օրենքով սահմանված կարգով թե վիրավորները, թե զոհվածների ընտանիքներին փոխհատուցում տրվել է, սակայն այդպես էլ չհրապարկեցին գումարի չափը:
Ապահովագրական բյուրոյի պաշտոնական պարզաբանման մեջ հղում են արել «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածին, որով սահմանվում է «ապահովագրական գաղտնիքի» հասկացությունը: Սակայն բանն այն է, որ օրենքով «ապահովագրական գաղտնիք» հասկացության տակ ընկնում են միայն առեւտրային գաղտնիք պարունակող տեղեկությունները, իսկ հատուցման գումարները ոչ մի կերպ առեւտրային գաղտնիքների թվին չեն դասվում:
Հիշեցնենք, որ «ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի» 141-րդ հոդվածով առեւտրային գաղտնիք է այն տեղեկությունը, որն ունի առեւտրային արժեք: Միայն մեծ երեւակայություն ունեցողը զոհվածի ընտանիքին տրամադրվող հատուցումը կարող է գնահատել որպես «առեւտրային արժեք» ունեցող: Ընդհակառակը` այդ տեղեկությունները պետք է ազատորեն հրապարակվեն, քանի որ դա ԱՊՊԱ համակարգի թափանցիկությունը եւ հրապարակայնությունը ապահովող կարեւոր դրույթ է: Եթե իհարկե` Ապահովագրական բյուրոյի նպատակը թափանցիկ ու հրապարակային աշխատանքն է:
Ի դեպ, «Գարանտ Լիմենսից» մեզ հավաստիացրին, որ Ավտոապահովագրողների բյուրոն փոխհատուցել է բժշկական ծախսերի համար իրենց կողմից վճարված 2 մլն 65 հազար դրամը:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, ժամը 21.10-ի սահմաններում Արցախի փողոցի թիվ 24 շենքի հարակից տարածքում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի 23 ՍԼ 673 համարանիշի եւ «ԳԱԶԵԼ» մակնիշի 3456 Տ համարանիշի թիվ 76 երթուղին սպասարկող ավտոմեքենաները: Բախման հետեւանքով, «ԳԱԶԵԼ»-ը պայթել է եւ հրդեհ է բռնկվել: Մարդիկ կենդանի-կենդանի այրվել են: 4 մարդ զոհվել է, 9-ը` վիրավորվել եւ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


























