ԱԺ նախկին պատգամավոր, «Մաքս Գրուփ» ընկերության նախագահ Խաչիկ Մանուկյանը նախկին ԱԺ պատգամավոր, գործարար Հարություն Փամփուկյանի հետ ավիաընկերության բիզնեսով զբաղվելու մտադրություն չունի, սակայն լուրջ աշխատանքներ է տանում Հայաստանում «Բիոգազի» արտադրությունը զարգացելու համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խաչիկ Մանուկյանն` անդրադառնալով մամուլում տեղ գտած այն տեղեկությանը, թե իբր ինքը եւ նախկին ԱԺ պատգամավոր Հարություն Փամփուկյանը մտադիր են ավիաընկերության ոլորտում նոր բիզնես սկսել եւ վերջնակաանպես սնանկացնել Միկա Բադդասարովին եւ նրան պատկանող «Արմավիա» ընկերությունը:

«Զարմացած եմ, ես ուր, ավիացիան ուր: Իմը պետք է թռչնաբուծություն, անասնապահություն լինի, որ զբաղվեմ: Կամ նմանատիպ բաներ: Ես ավիացիայի հետ ի՞նչ կապ ունեմ»,- նշեց Խաչիկ Մանուկյանը:

Ինչ վերաբերում է Հարություն Փափուկյանի հետ հարաբերություններին, Մանուկյանն ասաց, որ նրա հետ 20 տարվա ընկերներ են եւ բացառում է, որ նա ավիաոլորտով զբաղվի:

Խաչիկ Մանուկյանի փոխանցմամբ, ինքը փորձում է «Բիոգազի» արտադրությունը Հայաստանում զարգացնել, ոտքի կանգնեցնել, ինչը կարծես, թե ստացվում է: «Ներկա պահին գործում է եւ լավ էլ գործում է: Ներկա դրությամբ դրա վրա լուրջ աշխատանքներ են տարվում եւ ընդլայնում ենք այդ գործարանը»,-ասաց նա:

Իսկ Հայաստանում բիզնեսի այդ ուղղության նպատակն այն է, որ Հայաստանում պարարտանյութի արտադրությունը զարգանա, ինչը երկար ժամանակ է պահանջում, բայց ցանկանում են հասնել նրան, որ պարարտանյութը, ոչ թե ներկրվի Հայաստան, այլ տեղի արտադրանքն ապահովի մեր տեղի պահանջարկը: Ներկա պահին դեռ նախագծային աշխատանքներ են տարվում: