«Սարդարապատ» շարժումն արժանապատվություն ունեցող եւ ապագայի մասին մտահոգ բոլոր քաղաքացիներին կոչ է անում համախմբվել եւ Վահե Ավետյանի հուղարկավորության արարողությունը վերածել համաժողովրդական սգո եւ լուռ ցասումի միջոցառման:

«Միջոցառման նպատակն է հոգեւոր ու բարոյական աջակցությամբ մեղմել զոհվածի հարազատների` հանցավոր ամենաթողության դեմ անզորությունից բազմապատկված վիշտը, ինչպես նաեւ վարչախմբին հստակ եւ վճռական կերպով ցույց տալ, որ հայ ժողովուրդն այլեւս ինքնակազմակերպվելով տեր է կանգնում երկրին ու իշխանությանը եւ օրենքին համապատասխան պատժելու է բոլոր հանցագործներին:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը բոլոր մտահոգ մարդկանց առաջարկում է այսօր` ժամը 17:00-ին հավաքվել Ազատության հրապարակում` Վահե Ավետյանի հուղարկավորության կազմակերպման հանրային հանձնաժողով ստեղծելու նպատակով»,-ասված է «Սարդարապատ» շարժման հայտարարության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան նախաձեռնությունը մոմավառություն է կազմակերպում ի հիշատակ «Հարսնաքարում» դաժան ծեծից մահացած Վահե Ավետյանի:

Մոմավառությունը նախատեսված է այսօր` հունիսի 30-ին, ժամը 21:00-ին, ԱԺ գործարար պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց (Ավան վարչական շրջան):

Նշենք, որ հունիսի 29-ին մահացել է հունիսի 17-ին «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված՝ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: