Նոր Խարբերդում, հունիսի 29-ին, 50-ամյա քրոջը` Մարգարիտա Հովհաննիսյանին դանակի 20 հարվածով սպանելու մեջ մեադրվող 49-ամյա Ռոմիկ Հովհաննիսյանը տառապել է հոգեկան հիվանդությամբ: Ավելին, նրանց մեջ կենցաղային, մասնավորապես, քրոջ թոշակի համար ծագող վեճերը պարբերական են եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին նրանց հարեւանները նշելով, որ, ամենայն հավանականությամբ, սպանությունը տեղի է ունեցել քրոջ թոշակի բաժանման շուրջ ծագած հերթական վիճաբանության ընթացքում:

Նրանք փոխանցեցին, որ եղբոր կողմից սպանված Մարգարիտան թոշակ էր ստանում եւ նրանց հիմնական եկամուտի աղբյուրը այդ թոշակի գումարն է եղել: Եղբայրը չի աշխատել եւ պարբերաբար քրոջից գումար է պահանջել, իսկ երբ քույրը չի տվել պահանջված գումարն, ընտանիքում վիճաբանություն է սկսվել, ինչի աղմուկը լսվել է նաեւ հարեւանների տներում:

Հարեւանները նաեւ փոխանցեցին, որ 49-ամյա Ռոմիկ Հովհաննիսյանը տառապել է հոգեկան հիվանդությամբ եւ մի շարք տարօրինակություններ է ունեցել: Իր սենյակում լուցկու հատիկներով ինչ-որ նախագծումներ է արել, խաղաթղթեր առանձնացրել, հավաքել է քրեական հայտնի հեղինակությունների նկարներ, կենդանու ատամներ եւ նմանտիպ այլ տարօրինակություններ, ինչպես նաեւ անհասկանալի գրառումներ է ունեցել: NEWS.am-ը հարեւանների պատմածների ճշմարտացիությունը պարզելու համար դիմեց ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից փոխանցեցին, որ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն, որի պատասխաններից հետո միայն պարզ կդառնա նա տառապել է հոգեկան հիվանդությամբ, թե` ոչ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ, հունիսի 30-ին, ժամը 00.30-ին, Սեբաստիայի փողոցից բերման է ենթարկվել Ռոմիկ Հովհաննիսյանը, ով կասկածվում է հունիսի 29-ին, «Նոր Խարբերդ» Ա/Ը 20-րդ փողոցի վերջին տանը 50-ամյա քրոջը` Մարգարիտա Հովհաննիսյանին սպանելու մեջ:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 49-ամյա Ռոմիկ Հովհաննիսյանը, հունիսի 29-ին, ժամը 17.00-ին, հիշյալ փողոցի թիվ 18 տանը խոհանոցային դանակով մոտ 20 հարված է հասցրել քրոջը՝ 50-ամյա Մարգարիտ  Հովհաննիսյանին,  ինչի հետևանքով նա մահացել է:

Հանցագործության գործիք հանդիսացող դանակն առգրավված է:

Ռոմիկ Հովհաննիսյանը ձերբակալված է: Վերջինս խոստովանել է իր արարքը:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի  104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: