Մեր զինվորը մեր ձեռքով սպանվեց եւ մենք հարսանիք ենք անում, տեսեք ինչքան ենք փչացել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանն՝ անդրադառնալով «Հարսանքարում» տեղի ունեցած ծեծկռտուքի հետեւանքով մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառության ժամանակ այդ ռեստորանում տեղի ունեցող հարսանիքին:

Նա  շատ տարբերություն չի տեսնում «Հարսնաքարում»  քեֆի գնացողի եւ ոճրագործի միջեւ: «Մազապուրծ հրաշքով պրծած հայերի երրորդ-չորրորդ սերունդն ենք եւ իրար գզում ենք, ոչնչացնում, սպանում: Իրար հոշոտելով՝ ինչքան պիտի քարշ գանք: Եթե ուզում ենք հայը հայի համար դողացող սերունդ ունենանք, պետք է սկսենք մանկապարտեզից»,-ասաց հուշարձանագետը:

Նա նշեց, որ դրա պատճառն այն է, որ  մենք օտարացել ենք եւ օտարացրել ենք, վարժվել են օտարին եւ Երեւանը այդ օտարության մեջ է թաղված: Ս. Կարապետյանը կարծում է, որ «Հարսնաքարի» սեփականատեր, ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը կշարունակի մնալ մեր հասարակության մեջ:

Նա  առանձին չի տեսնում այս դեպքը, «իրավիճակին հարազատ երեւույթ» է ընկալում, պայմանավորված այն հանգամանքով, որ մենք չունենք ազգային հասարակություն, ունենք հասարակություն, որը դավաճանել է իր արմատին, չի սնվում այնտեղից, հավատարիմ չէ եւ նման հասարակության մեջ ամեն տեսակ այլանադակություններ կարող են լինել:  Նրա կարծիքով՝ սա ազգային հասարակության չգոյության դրսեւորումներն են:

Անդրադառնալով բանակի փոխգնադեպի կողմից «Հարսանքարը» պայթեցնելու սպառնալիքին՝ նա նշեց, որ դրանով հարցի լուծումը չի տեսնում:

Ասուլիսի բանախոսներից մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նշեց, որ բարոյական, հասարակական հենքի վրա ակնկալի է Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը: «Գործ ենք ունեցել մի դեպքի հետ, երբ մարդ կոչեցյալը իրեն պահել է գազանի պես»,- ասաց նա: Նախկին պատգամավորը նշեց, որ  հասարակության կողմից ճնշումը պետք է լինի հստակ, այստեղ ոչ միայն իրավական, այլեւ բարոյական պատախանատվություն կա:

Նշենք, որ հունիսի 29-ին մահացել է հունիսի 17-ին «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված՝ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:

Հունիսի 30-ին մոմավառություն է տեղի ունեցել «Հարսնաքարի» մոտ՝ ի հիշատակ Վահե Ավետյանի: Հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքել ակցիային մասնակցելու, որոնց ձեռքին կային մոմեր եւ գրություններ՝ «Ես Վահե Ավետյան եմ», «Չեք մարսելու թիկնազորի անդամներ:» մակագրությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանք ռազմական հոսպիտալի բժիշկներ են` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:

Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել է 6 մարդ, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ: