Կարեն Անդրեասյանը եթե Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան չլիներ, «Հարսնաքարի» ոսբերգական դեպքից հետո դրա բոյկոտի նախաձեռնողներից կլիներ: Կարեն Անդրեասյանը նման տեսակետ է հայտնել հուլիսի 2-ին` լրագրողների հետ հանդիպմանը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Հայաստանում անպատժելիության մթնոլորտ է ստեղծվել, եւ «Հարսնաքարի» սեփականատերը վստահ է եղել, որ իրեն չեն պատժի, Պաշտպանը նշեց, թե ի պաշտոնե չի կարող դատապարտել մեկին` չունենալով դրա հիմքերը: «Օդից վերցնել եւ ասել, թե բացի կոնկրետ գործողություններ արած մարդկանցից պատասխանատու են նաեւ այս կամ այն անձինք, ինձ համար անթույլատրելի է»,- ասաց նա:

Կարեն Անդրեասյանը միաժամանակ ասաց, որ Արեւմուտքում մարդիկ բոյկոտում են այս կամ այն ընկերությունը, երբ հակաօրինական որեւէ բան են տեսնում:

«Մարդու իրավունքների պաշտպան եթե չլինեի, նախաձեռնողներից մեկը կլինեի այդ ակցիայի, բայց որպես ՄԻՊ խառնվելու իրավունք չունեմ»,- ասաց Անդրեասյանը` նկատելով, որ այդպես կվարվեր ցանկացած նորմալ քաղաքացիական հասարակություն: