Մտավորակնները կոչ են անում ժողովրդին՝ այլեւս չգնալ «Հարսանքար», քանի որ այնտեղ մարդ է սպանվել, «դա օբյեկտ չէ, այլ սպանդանոց»: Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն, անդրադառնալով ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսանքար» ռեստորանում դաժան ծեծի ենթարկվելու հետեւանքով մահացած Վահե Ավետյանին, նշեց, որ սա առանձին դեպք չէ: «Մենք ինքներս ենք ստեղծել եւ ապրում ենք նման արժեքային համակարգում, այդ արժեքային համակարգի դրոշին գրված է բռնություն, մենք բոլոր հարցերը փորձում ենք լուծել բռնությամբ՝ մայրը ծեծում է երեխային ցածր գնահատականի համար, ռումբ են նետում եւ այլն, սա հարց լուծելու ձեւ է, մենք այս արժեհամակարգի կրողն ենք»,- ասաց նա:
Բաբայանն իր զարմանքը հայտնեց, թե ինչպես կարող է մատուցողը դուրս կանչել հաճախորդին հարցեր լուծելու համար, նույնը՝ նաեւ թիկնապահը: Նրա կարծիքով՝ սա բանդա է, որն ունի պարագլուխ, եւ պարտադիր չէ սպանել, որպեսզի կոչվել հանցագործ, բավական է հող պատրաստել դրա համար: «Հանցագործը ոչ միայն նա է, ով նախապատարստել է հող, այլեւ նա, ով ասում է, որ դա կարող է յուրաքանչյուրի հետ էլ պատահել»,- ասաց նա:
Նա իր հիացմունքն արտահայտեց «Հարսնաքարի» մոտ Վահե Ավետյանի հիշատակին նվիրված մոմավառությանը՝ նշելով, որ կարծես ամբողջ Երեւանից հավաքվել էին հրաշալի դեմքեր:
Ասուլիսի բանախոսներից երգահան Լիլիթ Պիպոյանը նշեց, որ մեր հասարակության մեջ կա օրենքի նկատմամբ հարգանքի պակաս, ինչը բխում է նրանից, որ չի գործում օրենքն այնպես, ինչպես մենք ուզում ենք: Երգահանի խոսքով՝ հաստատապես առկա է «սամասուդը» (ինքնադտաստան-խմբ),եւ այս դեպքում եւս սամասուդ է տեղի ունեցել այն տարածքում, որը մարդիկ համարում են իրենց կալվածքը, քանի որ ոչ թե իրավապահ մարմիններին են հրավիրել, այլ իրենք իրենց հարցեր են լուծել: «Ինչի՞ն հավատանք եւ ի՞նչ փոխենք, այս իրավիճակում իշխող կուսակցությունը թող ցուցաբերի կամք, թող հիմա ապացուցեն, որ իրենք ուզում են փոխեն իրավիճակը: Բոլորը պետք է վերաբերմունք արտահայտեն տեղի ունեցածի նկատմամբ»,- ասաց Լիլիթ Պիպոյանը:
Ռուբեն Բաբայանը կոչ է անում բռնությունը վերացնել մեր կենցաղից, «Ռուբեն Հայրապետյանին բարոյական սնանկացնելու տեղ չկա, ինչ-որ բան պետք է լինի, որ սնանկացնես, իսկ ֆինանսական սնանկացումը եւս բավարար չէ»,- ասաց նա ու հավելեց. «Հարսանքար» անունով ռեստորան Հայաստանում չկա, այդպիսի անունով Հայաստանում կա սպանդանոց»:
Կդնի՞ Ռուբեն Հայրապետյանը պատգամավորի իր մանդատը, թե` ոչ, նրա կարծիքով, նրա անձնական, բարոյական հարցն է, իսկ բարոյականության նորմերը պետք է գան ներսից եւ ոչ թե պարտադրվեն:
Անդրադառնալով փոխգնդապետի՝ «Հարսնաքար» ռեստորանը պայթեցնելու ցանկությանը՝ Ռուբեն Բաբայանը նշեց, որ դա սթրեսային, էմոցիոնալ վիճակում է արել, որն ինքը չի արդարացնում:
Նշենք, որ հունիսի 29-ին մահացել է հունիսի 17-ին «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված՝ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:
Հունիսի 30-ին մոմավառություն է տեղի ունեցել «Հարսնաքարի» մոտ՝ ի հիշատակ Վահե Ավետյանի: Հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքել ակցիային մասնակցելու, որոնց ձեռքին կային մոմեր եւ գրություններ՝ «Ես Վահե Ավետյան եմ», «Չեք մարսելու թիկնազորի անդամներ:» մակագրությամբ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանք ռազմական հոսպիտալի բժիշկներ են` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:
Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել է 6 մարդ, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:


























