Օձի խայթոցից ծայրահեղ ծանր վիճակում հայտնված Շատին գյուղի բնակչուհի, 21-ամյա Նարինե Մաթեւոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն դեռ չի կարողանում հաղթահարել վախը: Ավելին` նրա ամուսինը եւս վախի հետ կապված խնդիրներ ունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շատին գյուղի գյուղապետ Մամիկոն Սմբատյանը:

Գյուղապետն ասաց, որ թեեւ Նարինեն արդեն ինքնուրույն տեղաշարժվում է, բայց լեզվի հետ կապված խնդիրներ էլ է ձեռք բերել: «Մի քիչ դժվարությամբ էր խոսում, բայց կարծես արդեն լավանում է: Բայց ամեն անգամ, ասում են, օձն աչքի առաջ է գալիս, հատկապես գիշերով: Ամուսինը եւս վախեցած է: Երբ օձը Նարինեին կծել է, ամուսինն է կնոջը գրկել տեղափոխել, բայց օձն ընկել է նրանց հետեւից եւ պոչով հարվածել ամուսնուն: Հոգեբանական խնդիր է, որը իրենց միջոցներով փորձում են լուծել եւ մոռացության մատնել»,- նշեց գյուղապետը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օձի խայթոցից ծայրահեղ ծանր վիճակում հայտնված Շատին գյուղի բնակչուհի, 21-ամյա Նարինե Մաթեւոսյանն աշնանն է հարս գնացել տվյալ գյուղ: Շատինի գյուղապետի խոսքով, օձը Նարինեին խայթել է դաշտում` Մատուռի մոտ: Իսկ Եղեգնաձորի հիվանդանոցի տնօրեն Անահիտ Կարապետյանն էլ նշել էր, որ Նարինեի վիճակը երկար ժամանակ ծանր է եղել: «Երկու դոզա հակաթույն ենք ներարկել: Երեւանից բրիգադ էինք հրավիրել, որ տեղափոխվի Երեւան»,- ասել էր Անահիտ Կարապետյանը: