Շիրակի Մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Հ. Մովսեսյանի գլխավորությամբ, Տիգրան Ասոյանին հանցավոր է ճանաչել ՀՀ քր. օր-ի 34-138 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ (անչափահասի բռնաբարության փորձ) եւ նրան դատապարտել 4 տարվա ազատազրկման: Այս մասին NEWS.am-ը տեղկացավ  Շիրակի Մարզի ընդհանուր իրավասության դատարանից:

Տիգրան Ասոյանը 2011-ի հոկտեմբերի 14-ին, ժամը 11:30-ի սահմաններում իր բարեկամներին տեսակցելու նպատակով գնացել է Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցի տնակներից մեկը, որտեղ այդ պահին եղել է միայն հորեղբոր անչափահաս աղջիկը՝  15-ամյա Մ. Ա-ն: Նա փորձել է համբուրել Մ.-ին, սակայն վերջինս թույլ չի տվել եւ մի կողմ է հրել: Այնուհետեւ ֆիզիկական բռնություն գործադրելով վերջինիս գցել է գետնին, քարշ տալով պառկեցրել բազմոցին, մերկացրել է, մերկացել է նաեւ ինքը եւ փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ: Վերջինս դիմադրել է, բղավելով օգնություն կանչել: Տիգրան Ասոյանը ձեռքով փակել է նրա բերանը եւ շարունակել իր գործողությունները:

Օգնության ձայներից վրա են հասել հարեւաններ Ա. Ծառուկյանը, Ս. Սարգսյանը, Ս. Ղուլոյանը: Նրանց տեսնելով Տիգրան Ասոյանը դիմել է փախուստի:

Նշենք, որ 21-ամյա Տիգրան Ասոյանն ունի 5-ամյա կրթություն եւ ամուսնացած չէ: Նա ֆիզիկապես վատառողջ է, ունի գլխի ծանր վնասվածք, հետտրավմատիկ էնցեֆազոպաթիայով, աջակողմյան հեմիպարեզալ եւ խոսելու խանգարում: Վերջինս նախկինում դատված չի եղել:

Դատարանը վճռել է, որ Տիգրանի նկատմամբ պետք է կիրառվի նաեւ հարկադիր բուժում, որը պետք է կիրառվի պատիժը կրելու վայրում: Դատավճիռը կարգով կարող է բողոքարկվել ՀՀ քրեական վերաքննիչ դատարանին մեկ ամսյա ժամկետում։