Նախորդ շաբաթ Դիլիջանում համատեղ կոնֆերանս անցկացրեցին Հայաստանի եւ Վրաստանի կապիտալի շուկայի մասնակիցները: Նրանք համակարծիք էին, որ երկու երկրների կապիտալի շուկաները ինտեգրման մեծ հնարավորություններ ունեն: Այս թեմայով զրուցեցինք «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանի հետ:
Պրն. Սարոյան, վրացի գործընկերները նշում էին, որ NASDAQ OMX-ը մուտք է գործելու նաեւ վրացական շուկա: Ըստ ձեզ` սա մրցակցությունն է սրելո՞ւ, թե՞ համագործակցության նոր եզրեր է բացում:
Ժամանակին NASDAQ OMX-ը իսկապես էլ մտադրություն ուներ ձեռք բերելու Վրաստանի ֆոնդային բորսան: Բայց այդ գործարքը տեղի չունեցավ: Ոչ այն պատճառով, որ Վրաստանի շուկան հետաքրքիր չէր NASDAQ OMX-ի համար, այլ պարզապես չկարողացան պայմանավորվածության համար ընդհանուր եզրեր գտնել: Ներկայիս նախաձեռնությունը վերաբերում է միայն համագործակցությանը, խոսք չի գնում այն մասին, որ NASDAQ OMX-ը ձեռք է բերելու վրացական բորսան, կամ ճնշումներ է բանեցնում դրա համար, կամ ցանկանում է ազդեցության գոտին ընդլայնել: Համագործակցության հիմնական եզրը, որ տեսնում ենք` տեխնոլոգիական է: Հայաստանն ունի ավելի զարգացած բորսայական համակարգ, քան Վրաստանը (տեխնոլոգիայի տեսակետից): Դրա ապացույցն է բորսայական գործիքների ու բորսայական անդամների ավելի մեծ թիվը: Մենք վրացի գործընկերներին առաջարկում ենք հետեւյալը. մեր տեխնոլոգիան կընդլայնենք, ձեզ կտանք հասանելիություն այդ տեխնոլոգիային, եւ այդ միջավայրում առեւտուր կանենք: Այսինքն` հայկական բանկերը կկարողանան նաեւ վրացի գործընկերների հետ աշխատել: Դա չի խանգարում մեր պլաններին, քանի որ մեր պլանները վերաբերում են տեխնոլոգիական զարգացմանը, նոր գործիքների ներդրմանը: Ընդհակառակը` եթե մենք ունենաք այդ միասնական տեխնոլոգիական ենթակառուցվածքը, կարող ենք նաեւ Մոլդովա գնալ, Բելառուս, Ուկրաինա: Այդ համագործակցության շնորհիվ շուկաները «կկպնեն» իրար, ու այդ դեպքում հետաքրքրությունը խոշոր ներդրողների համար կմեծանա, այդ թվում` դրսի ներդրողների:
Ասացիք` հայկական բորսան տեխնոլոգիապես ավելի զարգացած է, քան վրացական բորսան: Բայց այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեիք, որ վրացական բորսայի կապիտալիզացիան 1 մլրդ դոլարը է ու մի քանի անգամ գերազանցում է հայկական բորսայի կապիտալիզացիայի մակարդակին:
Կարող ես ունենալ շատ լավ, բայց չաշխատող տեխնոլոգիա: Ներկայում մեզ մոտ ակտիվություն կա Money market գործիքի առումով (վարկային ռեսուրսների հարթակ, ռեպո գործարքներ), որը մեր հիմնական ծավալներն է ապահովում: Ակտիվ ենք նաեւ արտարժույթի առուվաճառքի հարթակում: Ընդունում ենք, որ կորպորատիվ արժեթղթերի շրջանառությամբ զիջում ենք վրացական բորսային, բայց պետք է հաշվի առնել, որ վրացական շուկայի ծավալներն ապահովում են 1-2 ընկերություն: Նշեմ, որ մեր բորսայում շրջանառության ծավալը գրեթե հավասար է թողարկման ծավալին, այսինքն` տարվա մեջ գոնե մեկ անգամ թողարկված արժեթղթերը վաճառվում են, ու դա շատ լավ արդյունք է:
Բայց վրացական բորսայում տարեկան 7-8 IPO է տեղի ունենում, իսկ մեր բորսայում նույնիսկ չեմ հիշում, թե վերջին անգամ երբ է դա տեղի ունեցել:
Այդ IPO-երի մի մասն իրականացվել է Լոնդոնի բորսայում; Դա նաեւ իրենց խնդիրն է` երբ մեծ ընկերությունները ցանկանում են դուրս գնալ: Մեզ մոտ շուկան համեմատաբար փոքր է, ու ընկերությունները ձգտում են ոչ թե IPO-ի, այլ պարտատոմսերի թողարկման: Այս առումով աշխուժություն ենք սպասում; Կարծում եմ` արդեն սեպտեմբերին կունենանք դոլարային պարտատոմսերի թողարկումներ, քանի որ դրանք արդեն թույլատրվել են:
Ինչո՞ւ եք համոզված, որ դոլարային պարտատոմսերը մեծ հետաքրքրություն կառաջացնեն:
Բանկերը ներկայում դոլարային իրացվելիության կառավարման խնդիր ունեն: Ըստ էության` բանկերը այլընտրանք չունեն էլ: Ավանդների մի մասը ստացվում է դոլարով ու օգտագործվում է դոլարային վարկեր տրամադրելու համար: Բայց կարճաժամկետ կտրվածքով այդ դոլարների տեղաբաշխման խնդիր կա: Կարող են, օրինակ, դուրս հանել ու տեղաբաշխել այլ բանկերի թղթակցային հաշիվներին, որի դիմաց չնչին տոկոսներ են ստանալու: Կարող են ոչինչ էլ չանեն` փողը «քնացնեն» իրենց հաշիվներին կամ ԿԲ-ի հաշիվներին; Իսկ եթե ի հայտ գան դոլարային պարտատոմսերը` բանկերը իրենց իրացվելիությունը կառավարելու լրացուցիչ գործիք կստանան:
Զրուցեց` Սամվել Ավագյանը


























