Թիվ 102 դպրոցի աշակերտուհիների աղմկահարույց ծեծկռտուքի փաստով նյութերի նախապատրաստումը շարունակվում է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Նշենք, որ դպրոցականների շրջանում տարածված խոսակցությունների համաձայն սույն գործը սառեցվել է այն բանից հետո, երբ աղջիկներից մեկն ինքնասպանության փորձ է կատարել: Որոշվել է սույն գործն ավարտել աշակերտուհիների հետ հոգեբանական զրույցներով:
Ավելի վաղ գործը քննող քննիչ Արմեն Խաչատրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ եթե հերթը հասնի նրան, որ պետք է քրգործ հարուցվի 102 միջնակարգ դպրոցում դեռահաս աղջիկների ծեծկռտուքի կապակցությամբ, ապա կհարուցվի, իսկ եթե չհարուցվի, ուրեմն կիրազեկվի, որ հետեւյալ հիմքերով քրգործ չի հարուցվել: Վերջինս արձագանքել էր մամուլում տեղ գտած այն տեղեկություններին, թե ինքը ծեծվող աղջկան ասել է, որ գործը գտնվում է նախագահականի վերահսկողության վարչության աչալուրջ հսկողության ներքո, հետեւաբար` գործը պետք է շատ արագ քննվի ու «ջրվի»: Դրա արդյունքում, տուժած աղջիկն, իբր, գնացել է ոստիկանության բաժին եւ գրել այն ամենը, ինչ իրեն թելադրել են, իսկ դրանից առաջ ծեծի հեղինակ աղջիկներից մեկը զանգահարել է իր «զոհին», սպառնալիքներ հնչեցրել եւ ասել, որ եթե նրան ոստիկանություն կանչեն, անպայման ասի, որ այդ ամենն անցյալում է, որեւէ խնդիր այլեւս չկա, բոլոր խնդիրները հարթվել են:
«Գործը ջրելը ո՞րն է: Հիմա նախաքննություն է ընթանում եւ նախաքննության ադյունքում պարզ կլինի գործի հետագա ընթացքը: Գործ ջրելը ժողովրդի մեջ մտած արտահայտություն է, նման բան գոյություն չունի: Հենց այնպես ոչ մի բան չի ջրվում, թղթեր կան, իսկ ես ինքնագլուխ գործունեություն չեմ ծավալում: Ինչ վերաբերում է ներկա փուլին, ապա շարունակվում է քննությունը եւ ոչ մի բան այս պահին գործի շահերից ելնելով չեմ կարող ասել»,-ասել էր քննիչը: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ արդեն երրորդ անգամ տեսանյութ է տարածվում, որտեղ դեռահաս աղջիկները դաժանաբար ծեծում են իրար եւ հայհոյում: NEWS.am-ի թղթակիցն այցելել էր նաեւ Երեւանի թիվ 102 դպրոց, որտեղ տեղի էր ունեցել իրար դաժանաբար ծեծող եւ հայհոյող աշակերտուհիների հետ կապված միջադեպը: Աջափնյակի թիվ 102 դպրոցի տնօրեն Ռուզաննա Հայրապետյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում պատմել էր, որ նման միջադեպեր ընդհանրապես այս դպրոցում չեն եղել, իսկ դեպքը տեղի է ունեցել հավանաբար մեկ տարի առաջ, որի մասին ինքը տեղեկացել է երկու օր առաջ, երբ տարածվել է այդ տեսանյութը: Տեսանյութում ծեծող աղջիկը` Մ. Ե-ն այդ դպրոցի աշակերտուհիներից է, իսկ ծեծվողը` Ք.Պ.-ն, ավարտել է նույն դպրոցը: Տնօրենը երկու սաներին էլ ճանաչում է եւ պնդում, որ նրանք երբեւէ կոնֆլիկտ չեն ունեցել: «Նա ուսման հանդեպ անտարբեր էր, ձգտում չուներ, չէր գալիս դպրոց, հետաքրքրություններն այլ էր, դպրոցը չի էլ ավարտել, վկայական չի ստացել, 17 տարին լրացել է, 2011թ սեպտեմբերի առաջին շաբաթը ծնողների դիմումի հիման վրա ազատվել է դպրոցից, տեղեկություն չունեմ, թե հիմա ինչով է զբաղվում»,- բնութագրելով ծեծվող աղջկան` Ք.Պ.-ին` ասել էր նա:


























