Ռուբեն Հայրապետյանի քայլը ցույց է տալիս, որ ամեն ինչ չի, որ մանդատով է, եւ ամեն ինչ չի, որ նախարարական պորտֆելով է: Նման հայտարարությամբ այսօր` հուլիսի 4-ին, հանդես եկավ ՀՀ կրթության եւ գիտության նախարար, հանրապետական կուսակցության անդամ Արմեն Աշոտյանը` կառավարության նիստից հետո լրագրողների խնդրանքով մեկնաբանելով նախօրեին ՀՀ Աժ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը:
Այս հայտարարությունն անելուց հետո Ա. Աշոտյանն արագորեն հեռացավ:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հունիսի 17-ին ժամը 23:00-ի սահմաններում խորհրդարանի ՀՀԿ-ական պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծկռտուք էր տեղի ունեցել:. Ծեծվել էին ռազմական բժիշկներ Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը, ինչպես նաեւ Հայաստանի ՊՆ զինվորական հոսպիտալի ԼՕՌ բաժանմունքի վարիչ, բժշկական ծառայության մայոր Վահե Ավետյանը: Հունիսի 29-ին Ավետյանը վախճանվել էր: Հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել է 6 մարդ, որոնց մի մասը Հայրապետյանի թիկնազորից են:
Վերջին օրերին բազմաթիվ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, որի մասնակիցները պահանջում են պատասխանատվության ենթարկել Ռուբեն Հայրապետյանին:
Հիշեցնենք, հուլիսի 3-ին, Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Ռուբեն Հայրապետյանը վայր է դրել մանդատը եւ մահացու ծեծի ենթարկված Վահե Ավետյանի ընտանիքին ուղղված ցավակցական հայտարարությամբ հանդես եկել:
Մինչ այդ որոշ ՀՀԿ-ականներ հայտարարել էին, որ տեղի ունեցածում Ռ. Հայրապետյանը ոչ մի մեղք չունի:



























