ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը չի ցանկանում մեկնաբանել, թե Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունն իրեն վստահություն ներշնչում է, թե` ոչ: Այս մասին այսօր` հուլիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը:
«Դա իր որոշումն է եղել, վստահ եմ, որ իր մտքում կայացվել է այն, որ իր համար ամենաճիշտն է: Այնպես, որ ես լրացուցիչ չեմ ցանկանում մեկնաբանություններ անել»,- ավելացրեց Վարդան Օսկանյանը: Հարցին, թե հետագայում հասարակությունը զսպաշապիկ կհանդիսանա՞ նման երեւույթների դեմ, Օսկանյանը պատասխանեց. «Գիտեք մեր հանդուրժողականությունը նման երեւույթների դեմ զրո պետք է լինի: Սա ուղղակի անընդունելի է: Հասարակությունը իսկապես զրո հանդուրժողականություն պետք է ունենա նման երեւույթների նկատմամբ: Եւ ոչ միայն հասարակությունը, վերջիվերջո իշխանությունները պետք է առվել մեծ ուշադրություն դարձնեն, օրինակ ծառայեն: Մեղավորները իսկապես այն մարդիկ են, որոնք չեն կարողանում ճիշտ քաղաքականություն տանելով, ճիշտ օրինակ ծառայելով այս երեւույթները մեր հասարակությունից արմատախիլ անել»:
Հիշեցենք, որ երեկ Ռուբեն Հայրապետյանը հայտարարություն էր տարածել, որի համաձայն հրաժարվում էր իր պատգամավորի մանդատից` «Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին իր անվտանգության աշխատակիցների կողմից ռազմական բժիշկներին դաժան ծեծի ենթարկելու պատճառով: Հունիսի 29-ին ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալում մահացել էր ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:



























