Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության դիտացանցը հունիսի 28-ից մինչեւ հուլիսի 4-ը Հայաստանի տարածքում գրանցել է 3 բալ ուժգնությամբ մեկ երկրաշարժ: Այն տեղի է ունեցել հունիսի 28-ին Աշոցք գյուղից 5 կմ հարավ-արեւմուտք:

ՍՊԱԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ տարածաշրջանում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ գրանցվել է 14 երկրաշարժ: Հունիսի 28-ից 30-ը 5 ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել Թուրքիայի Բուլանիկ քաղաքի մոտակայքում, մեկը` 3-4 բալ, մյուսները` 3 բալ ուժգնությամբ: Հունիսի 28-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Դմանիսի քաղաքից 22 կմ հարավ-արեւմուտք, գրանցվել է 3 բալանոց ստորգետնյա ցնցում: Մինչեւ հուլիսի 1-ը նույն էպիկենտրոնային գոտում տեղի է ունեցել նույն ուժգնությամբ եւս 3 ցնցում: Հունիսի 28-ին Իրանի Խոյ քաղաքից 28 կմ հարավ-արեւելք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունն է 4 բալ: Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում` Զաքաթալա քաղաքի հատվածում, գրանցվել է 3 սեյսմիկ իրադարձություն. հունիսի 30-ին` 3 բալ, հուլիսի 1-ին` 3-4 բալ, իսկ 2-ին` 4 բալ ուժգնությամբ: Հուլիսի 1-ին Ադրբեջանի հյուսիսում տեղի ունեցած 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ուջար քաղաքից 12 կմ հյուսիս-արեւմուտք:

Տարածաշրջանից դուրս 6.0 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ: Հունիսի 29-ին Չինաստանի արեւմուտքում (Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջան) տեղի  է ունեցել 6.3 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն: Երկրաշարժի հետեւանքով մարմնական վնասվածք է ստացել առնվազն 34 մարդ, մեկի վիճակը ծանր է, ընդհատվել է էլեկտրակամատակարարումը, վնասվել է պետական նշանակության մայրուղին, կան ավերածություններ, այդ թվում` բնակելի տներ: Էպիկենտրոնային գոտուց տարհանվել են հազարավոր մարդիկ: Հուլիսի 3-ին Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզու արեւմտյան ափամերձ հատվածում գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6.2 մագնիտուդ, տուժածներ եւ ավերածություններ չկան: