Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի ջրատարում հայտնաբերված նորածին երեխայի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 106 հոդվածի հատկանիշներով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը ծննդաբերության ժամանակ կամ դրանից անմիջապես հետո կամ հոգեճնշող վիճակում մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում նորածին երեխայի սպանությունը):
Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Մուշեղ Օհանյանը:
Հիշեցնենք, որ Մեծամորի ոստիկանության բաժինը դրամական պարգեւ էր խոստացել այն քաղաքացիներին, ովքեր տեղեկություններ կհաղորդեին երեխայի մոր ինքնության վերաբերյալ, սակայն, ըստ Մուշեղ Օհանյանի, մինչ օրս դեռ որեւէ արձագանք չի եղել: Այդուհանդերձ, որոնողական աշխատանքները շարունակվում են:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի ջրատարում հայտնաբերված նորածին երեխայի մորը հայտնաբերող, նրա մասին ինֆորմացիա տրամադրող քաղաքացիները խոշոր դրամական պարգեւի կարժանանան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Մուշեղ Օհանյանը: Նրա նշել էր, որ որոնողական աշխատանքները ամբողջ ջրատարի տարածքով ընթանում են, նույնիսկ տեղի ռադիոկայանով է հայտարարություն տրվել: Հարցին, թե որքան դրամական պարգեւ են խոստացել, Մուշեղ Օհանյանն արձագանքեց. «Ֆիքսված գումար չկա: Կախված է, թե ով է ասում: Ինչքան խեղճ մարդ լինի այնքան շատ գումար կտանք:
Առայժմ աշխատանքները ընթացքի մեջ են: Գիշեր-ցերեկ տուն չենք գնում, որպեսզի որոնողական աշխատանքների միջոցով կարողանանք բացահայտել»: Մուշեղ Օհանյանը նշել էր նաեւ, որ երեխան մահացած է ծնվել, բայց միտումնավոր են գցել ջրատարը հավանաբար հուղարկավորությունը չկազմակերպելու համար:Իսկ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի ջրատարում հայտնաբերված նորածին երեխայի հայտնաբերման փաստով ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նորածինն արական սեռի է եղել, անգամ պորտալարը կտրված չի եղել: NEWS.am-ի աղբյուրի փոխանցմամբ, դաշտում աշխատող գյուղացիներն են պատահմամբ գտել երեխայի դին ու ահազանգել իրավապահներին: Թե ինչպես է երեխան հայտնվել ջրատարի մեջ, դեռ հայտնի չէ:


























