«Առավոտը» գրում է, որ «Հարսնաքարում» դաժան ծեծի հետեւանքով զոհված զինվորական բժիշկ Վահե Ավետյանն ունի մեկ քույր՝ Նվարդը: Նա ապրում է Լոս-Անջելեսում: Վահեի հարազատներն այս օրերին ուզում են Վահեի երեխաներին տանել Հայաստանից՝ մտածելով, որ նրանց կփրկեն այս վտանգավոր եւ կրիմինալ երկրից:
Քանի որ Վահեի քույրը կատարվածից դեռ ուշքի չի գալիս, նրա ամուսինը կապվել է «Հարսնաքարի» միջադեպի համար բողոքի ակցիա բարձրացրած նախաձեռնող խմբի ակտիվիստ, «Ժառանգության» նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանին: Տիկին Բախշյանը մեզ պատմեց զրույցի մանրամասները. «Նվարդը չխոսեց, ուղղակի շոկի մեջ ասելը քիչ է, իրենք չգիտեն ինչպես օգնեն, ինչ անեն, անմիջապես մտածել են՝ ոնց անեն, որ այդ երեխաներին տանեն, պաշտպանեն, իրենց առաջին ռեակցիան դա է` Հայաստանից փախցնեն: Ես իրենց համոզեցի, ասեցի՝ Հայաստանը, ճիշտ է, անօրեն երկիր է, բայց կան մարդիկ, որոնք պատրաստ են երեխաներին բոլոր անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել: Իրենք ֆինանսական խնդիրներ չեն ունենա:
Ես խնդրեցի, որ նրանք այդ մասին չմտածեն, չգիտեի ինչ ասել, հոգեպես աջակցում են, բայց հազարավոր կիլոմետրեր հեռու… այդ մի եղբայրն ուներ այդ աղջիկը: Ինքը ինձանից հարցուփորձ էր անում, թե մեղավորները բռնվե՞լ են, ի՞նչ ենք անում, ի՞նչ քայլեր ենք պատրաստվում անել: Իրենք շոկի մեջ են ու ամեն կերպ ուզում են պաշտպանել Վահեի կնոջն ու երեխաներին»:
Անահիտ Բախշյանը դեռ հիվանդանոցում, երբ Վահեն կռիվ էր տալիս կյանքի համար, հանդիպել է Վահեի մոր հետ. «Կարճ, մի քանի բառ ասեցի, ուղղակի խոսք չունեի, Երուսաղեմից բերած մասունքներ տվեցի, մտածեցի՝ գուցե եւ օգնի: Բայց…»:


























