Թերթը գրում է, որ օրերս ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել. «Հունիսի 22-ին, ժամը 03:00-ին հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում  հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է ընդունվել 1981 թ. ծնված Սուրեն Զորոյանը, որը հիվանդանոցում մահացել է»:

Ըստ հարազատների՝  նրան հայտնաբերել են իրենց տան մոտ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 02:30-ին, անհայտ անձը Երկաթուղայինների 9-րդ փողոցում գտնվող հացի արտադրամասի մոտ հրազենից կրակոցներ է արձակել Սուրեն Զորոյանի ուղղությամբ, ով Էրեբունիում հայտնի է «Բիճ» մականունով:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «ԱԿՄ» տիպի, 7,62 մմ տրամաչափի  խլացուցիչով  ինքնաձիգ` փամփշտանոցում 1 փամփուշտով, 1 փամփշտակալով եւ 7,62 մմ տրամաչափի 19 փամփուշտներով, ինչպես եւ նույն տրամաչափի փամփուշտի 1 գնդակ, 5 պարկուճ եւ չկրակված 2 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն:

«Ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը տեղեկացրեց, որ առայժմ ձերբակալվածներ չկան: Էրեբունի համայնքում լուրեր են շրջանառվում, որ սպանության մեջ կասկածվում է ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի քրոջ որդին: Սպանվածի եւ Թոխմախի Մհերի շրջապատի միջեւ տեւական թշնամանք կա, որ նախկինում եւս տարբեր դրսեւորումներ է գտել՝ ընդհուպ սպանություն:

Տարիներ շարունակ հակամարտող կողմերը թշնամանք են տածել եւ փորձել են վրեժխնդիր լինել միմյանցից: Այդ առիթով Մալխասյանը նշեց, որ նախաքննությունը շարունակվում է, եւ որեւէ փաստ չունեն: Իսկ Մհեր Սեդրակյանն իր օգնականի միջոցով փոխանցեց, որ իրենք այդ ընտանիքի հետ ընկերական հարաբերությունների մեջ են, թե ովքեր են մեղավորները, նախաքննությունը կպարզի»,- գրում է «Հրապարակը»: