Էջմիածնից զորակոչված ժամկետային զինծառայող, 18-ամյա Նարեկ Ավետիսյանի ծնողները դժգոհ են Սյունիքի մարզի Գորիսի ընդհանուր իրավասության դատարանի վճռից, որի համաձայն Նարեկին աչքից զրկած  ենթասպա Արմեն Թովմասյանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Նարեկ Ավետիսյանի հայրը` Արկադի Ավետիսյանը:

Նա նշեց, որ իրենք բողոքարկելու են վճիռը, քանի որ կարծում են, որ ենթասպային ամենամեղմ պատիժն են տվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Էջմիածնից զորակոչված ժամկետային զինծառայող, 18-ամյա Նարեկ Ավետիսյանի աչքը շղթայի հարվածով վնասած ենթասպա Արմեն Թովմասյանին Սյունիքի մարզի Գորիսի ընդհանուր իրավասության դատարանը դատապարտել է 3 տարի 6 ամիս ազատազրկման: Սույն հոդվածով առավելագույն պատիժը 7 տարի էր: Արմեն Թովմասյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ  վերջինս հանդիսանալով թիվ N զորամասի ճաշարանի պետ-խոհարար հրահանգիչ, 2011թ. դեկտեմբերի 14-ին, ժամը 07.30-ի սահմաններում զորամասի ճաշարանի սրահում մեկ անգամ բռունցքով հարվածել է նույն զորամասի ինժեներա-սակրավորական վաշտի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Ավետիսյանի դեմքի շրջանին, այնուհետեւ մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ քաշել նրան եւ  հայհոյելով իր ձեռքին գտնվող երկաթյա շղթայով մեկ անգամ հարվածել է վերջինիս դեմքին` պատճառելով աջ աչքի ծանր մարմնական վնասվածք:

Նշենք նաեւ, որ 26-ամյա Արմեն Թովմասյանն ունի  բարձրագույն կրթություն, ամուսնացած է եւ  խնամքին  ունի 2 երեխա` 1 տարեկան եւ 3 ամսական, նախկինում դատված չի եղել: Սույն գործով կալանքի տակ է 2011-ի դեկտեմբերի 16-ից: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաեւ  375-րդ հոդվածի 1-ին մասով եւ  իրեն մեղավոր է ճանաչել:

Հիշեցնենք, որ 18-ամյա Նարեկ Ավետիսյանը, ով 2011-ի դեկտեմբերի 17-ին ենթասպա Արմեն Թովմասյանի շղթայի հարվածից «Եղնիկների» զորամասում կորցրել է աչքը: Նարեկ Ավետիսյանի մայրը` Աննա Հակոբյանը NEWS.am-ին հայտնել էր, որ դրանից հետո Նարեկն ավելի ինքնամփոփ է դարձել: Նարեկն ավարտել է Սուրբ Թերեզայի բժշկական քոլեջը: