Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում, այսօր` հուլիսի 10-ին, միջադեպ է գրանցվել: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի աշխատասենյակում մի քաղաքացի է վատացել, ով գնացել էր խորհրդատվության: Վերջինիս շտապօգնության մեքենայով տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշեց, որ իրենք խոսելիս են եղել, երբ երիտասարդը կանգնել է, ապա վայր ընկել: «Քաղաքացին եկել էր խորհրդատվության, ինքը միշտ գալիս է, հոգեկան առողջական խնդիրներ ունի: Խոսում էինք, հանկարծ կանգնեց ու անսպասելի ընկավ ամբողջ մարմնով ու գլուխը խփեց բազմոցի սուր անկյուններին»,-պատմեց նա, հավելելով, որ իրենք անմիջապես զանգահարել են շտապօգնություն: Կատարվածի մասին Արթուր Սաքունցը տեղեկացրել է նաեւ ոստիկանության Վանաձորի բաժնին:

Շտապօգնության Վանաձորի բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ իրենց մեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 29-ամյա Դավիթ Ղաբուզյանը, ով դեմքի շրջանում ստացել է քերծված, պատռված վերքեր: