Հուլիսի 11-ին քաղցրասերները նշում են Շոկոլադի համաշխարհային օրը: Տոնը 1995թ․ հիմնել են ֆրանսիացիները:
Կարծիք կա, որ շոկոլադն առաջին անգամ պատրաստել են ացտեկները: Շոկոլադ բառը ծագում է xocoatl բառից, որը Մայա ցեղերի լեզվով նշանակում է դառը ջուր: Այն եղել է խիտ, դառը ըմպելիք եւ համարվել է առողջարար նյութ: Ացտեկները շոկոլադն անվանում էին «աստվածների կերակուր»: Ավելի ուշ քացրավենիքի այս տեսակը Եվրոպա ներմուծած իսպանացիներն այն անվանում էին «սեւ ոսկի» եւ օգտագործում ֆիզիկական ուժերն ամրապնդելու եւ օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով:
Միջնադարյան Եվրոպայում շոկոլադը «շրջանառվում էր» միայն ազնվականության շրջանում: Եվրոպացի բարձրաշխարհիկ կանայք այն համարում էին աֆրոդիզիակ: Հայտնի է, որ տիկ. Պոմպադուրը համարում էր, որ միայն շոկոլադը կարող է իսկական կիրք առաջացնել:
20-րդ դարասկզբին սկիզբ դրվեց շոկոլադի արդյունաբերական արտադրությունը, ինչի շնորհիվ շոկոլադը հասու դարձավ բոլոր խավերին:
Ժամանակակից գիտությունն ապացուցել է, որ շոկոլադն ունի հանգստին ու հոգեբանական վերականգնմանը նպաստող բաղադրիչներ: Շոկոլադի մուգ տեսակը նպաստում է էնդորֆինների՝ «երջանկության հորմոնների» արտանետմանը, որոնք ներազդում են ուղեղի հաճույքի կենտրոնի վրա, բարձրացնում են տրամադրությունն ու պահպանում օրգանիզմի բարձր տոնուսը:
Կա նաև տեսություն, ըստ որի՝ շոկոլադն ունի հակաքաղցկեղային հատկություն եւ դանդաղացնում է ծերացումը:
Սակայն մեկ հարցում գիտնականները միակարծիք են. շոկոլադը չի նպաստում մարմնի քաշի նվազեցմանը, քանի որ այն հարուստ է սննդարար նյութերով եւ ճարպերով, հետեւաբար նաեւ՝ կալորիաներով:
Նշենք, որ Հայաստանը տարեկան ներմուծում է մոտ 8.5 հազ. տոննա շոկոլադ, արտահանում մոտ 135 տոննա: Հայաստանում մոտ 8 ընկերություն զբաղվում է շոկոլադի արտադրությամբ, եւս 5-ը՝ ներմուծմամբ։ Հայաստանում շոկոլադի խոշորագույն արտադրողը «Գրանդ Քենդին» է, խոշորագույն ներմուծողը` «Սովռանոն»:



























