2012 թ. մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում Հայաստանի Հանրապետական կուսակցության կազմակերպած հանրահավաքի ժամանակ մեթան գազով լիցքավորված փուչիկների պայթյունի պատճառը եղել է բարձր ջերմաստիճանը եւ բաց կրակի ներգործությունը: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։

«Այսպիսի եզրահանգման են եկել փորձագետները` դատապայթյունատեխնիկական, դատահրդեհատեխնիկական եւ դատանյութագիտական համալիր փորձաքննության արդյունքում:

Մեր տեղեկություններով, նախաքննության ընթացքում պարզվել են փուչիկները լիցքավորած եւ Հանրապետության հրապարակ տեղափոխած անձանց ինքնությունները: Սակայն հարց է ծագում, եթե առ այսօր մեզանում կանոնակարգված չեն գազով փուչիկները լիցքավորելու մեխանիզմն ու պայմանները, ապա ո՞ր կանոնը խախտելու համար պետք է հասարակ փուչիկ լիցքավորողին կամ այն բռնողին պատասխանատվության ենթարկեն: Պատասխանատուն նախեւառաջ այն գերատեսչությունն ու պաշտոնատար անձինք են, որոնց թողտվությամբ նշված ոլորտը մնացել է առանց կանոնակարգման: Արդեն մի քանի տարի է, որ մեր երկրում փուչիկները լիցքավորվում են գազով եւ այդ մասին պետք է որ տեղյակ լինեին նաեւ համապատասխան մարմինները, որոնք, սակայն, ոլորտը կանոնակարգել չեն շտապել: Որ չեն շտապել կամ քայլ իսկ չեն ձեռնարկել, ակնհայտ է դառնում նորմատիվ իրավական ակտի բացակայության փաստով»,- գրում է «Առավոտ»-ը: