Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր` հուլիսի 12-ին, ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան ժամանած ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանը նշել է. «ԵԱՀԿ-ն առանցքային դեր է խաղում Վանկուվերից Վլադիվոստոկ ընկած տարածաշրջանում անվտանգության և խաղաղության ապահովման գործում ու  Հայաստանն անդամակցությունից ի վեր ակտիվորեն ներգրավված է կազմակերպության գործունեության բոլոր երեք հարթություններում»:

Նա նաեւ Հայաստանի աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ բարեփոխումների գործընթացին եւ այն նախաձեռնություններին, որոնց նպատակն է կազմակերպության արդյունավետության եւ հեղինակության բարձրացումը:

Լամբերտո Զանիերն, իր հերթին, վստահեցրել է, որ կազմակերպությունը շարունակելու է իր գործունեությունը Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության մթնոլորտի ապահովման գործում:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի արդյունավետ գործունեության կապակցությամբ՝ նշելով, որ այն զգալի ներդրում ունի Հայաստանում պետական կառավարման տարբեր ոլորտներում իրականացվող  բարեփոխումների  գործընթացում:

Նալբանդյանը եւ Զանիերն անդրադարձել են Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների անցկացմանն ու արդյունքներին: Այս ենթատեքստում ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ ընտրությունները ընդհանուր առմամբ լավ ընթացք են ունեցել եւ արժանացել են միջազգային դիտորդների համապատասխան դրական գնահատականի, եւ հույս հայտնել, որ դիտորդների առաջարկությունները հաշվի կառնվեն ու լրացուցիչ խթան կհանդիսանան հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրությունների առավել բարձր մակարդակով անցկացման համար:  

Բանակցությունների օրակարգում էր արցախյան հակամարտության կարգավորման գործընթացը: Այս առումով երկուստեք ընդգծվել է, որ հիմնախնդիրն ունի միայն խաղաղ լուծում՝ գործող բանակցային ձեւաչափի շրջանակներում:  ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը աջակցություն է հայտնել Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին եւ կողմերի միջեւ վստահության ամրապնդման ուղղված նրանց նախաձեռնություններին:

Հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիս է կայացել: