Հայաստանի Արագածոտնի մարզում հուլիսի 9-ին խախտում կատարելու համար դատախազի տեղակալին կանգնեցնելու պատճառով հայհոյել եւ ծեծի են ենթարկվել պետավտոտեսուչին: NEWS.am-ի խմբագրությունն այս բովանդակությամբ նամակ է ստացել իր ընթերցողներից: Նամակում, մասնավորապես, նշվում է. «Սույն թվականի հուլիսի 9-ին ՀՀ Արագածոտնի մարզում 2-րդ դասակի պետավտոտեսուչ` Արմեն Զաքարյանի կողմից խախտում կատարելու համար կանգնեցվել է նույն մարզի դատախազի տեղակալ ` Արմեն Մելքոնյանի «ՋԻՊ» մակնիշի ավտոմեքենան: Վերջինս իջել, հայհոյել և սպառնացել է, որ ինքը դատախազ է և, որ իր հարցերը հետագայում կլուծի: Նույն օրը ղեկավարի միջոցով Ա. Զաքարյանին կանչել են մարզի դատախազություն, որտեղ Ա. Մելքոնյանը սկսել է տալ սեռական բնույթի հայհոյանքներ և ծեծի է ենթարկել Արմեն Զաքարյանին»,- հայտնել են ընթերցողները:
Տեղեկատվության իսկությունը ճշտելու նպատակով դիմեցինք Հայաստանի Գլխավոր դատախազություն: Դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս տեղեկությւնը չի համապատասխանում իրականությանը, եւ Արագածոտնի մարզում դատախազի տեղակալի կողմից որեւէ քաղաքացու, առավել եւս` պետովտոտեսուչի հայհոյելու եւ ծեծի ենթարկելու դեպք չի եղել:
«Դատախազի տեղակալի կողմից որեւէ անձի, այդ թվում` ավտոտեսուչի նկատմամբ որեւէ բռնություն չի գործադրել, եւ եթե որեւէ մեկը եղել է ականատես կամ մասնակից, ապա թող ներկացնի, ոչ թե անանուն նամակներ տարածի: Տեղեկատվության ստահոդ լինելը ակներեւ է, քանի որ մարզի դատախազը գտնվում է արձակուրդում եւ Հայաստանում չէ, հետեւաբար` նրա իմացությամբ նման միջադեպ հնարավոր չէ: Իրականությանը համապատասխանում է միայն այն, որ պետավտոտեսուչը կանգնեցրել էր, մարզի դատախազի պաշտոնակատար Արմեն Մելքոնյանի մեքենան, վերջինս էլ կանգնել է,մեքենայի մեջ եղել են նրա ընտանիքի անդամները, եւ դժվար ծնողների, կնոջ եւ երեխայի ներկայությամբ նա հայհոյեր ավտոտեսուչին: Տեսուչը միանգամից պահանջել է փաստաթղթերը, սակայն դատախազի տեղակալը պարզապես խնդրել է, որ նա ներկայանա,, ինչպես եւ սահմանված է օրենքով»,- ասաց նա:
Իսկ Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ իրենք նման միջադեպի մասին տեղեկատվության չեն տիրապետում:



























