Հայաստանի Կոտայքի մարզում դեռեւս բարձր է գործազրկության մակարդակը: Այդ մասին, այսօր` հուլիսի 17-ին, Չարենցավանում ՀՀ էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը: Նախապես հայտարարված էր, որ հանդիպումն անց է կացվելու տեղի գործարարների հետ, սակայն հիմնականում հավաքվել էր Չարենցավանի քաղաքապետարանի աշխատակազմը: Սակայն նույնիսկ այդ կոնտինգենտում դժգոհություններ լսվեցին, որ կենսամակարդակը անկում է ապրել, թեեւ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին այդպես էլ հարցեր չուղղվեցին:

Իսկ չարենցավանցիների անունից հանդես եկող Կոտայքի մարզպետը հայտարարեց, որ չարենցավանցիները լավատես մարդիկ են, այլապես քաղաքը վաղուց դատարկված կլիներ: Նա հույս հայտնեց, որ վերջին ներդրումները քաղաքում (մետալուրգիական գործարանի, տրիկոտաժի ֆաբրիկայի վերագործարկումը) կնպաստեն քաղաքի վերածնունդին: Լուրջ հույսեր են նաեւ կապվում տեխնոպարկի հետ:

Այնուամենայնիվ` մարզպետը հավաստիացրեց, որ մարզում սոցիալ-տնտեսական վիճակը բարելավվել է, ինչի վկայությունն է մանկապարտեզների ծանրաբեռնվածության աճը: NEWS.am-ի հարցին, թե մարզպետարանն ի՞նչ դեր է խաղում մարզի արդյունաբերական զարգացման գործում, Կ. Շահգելդյանն ասաց, որ հիմնականում զբաղվում են ենթակառուցվածքների զարգացմամբ` ջրամատակարարում, ճանապարհներ եւ այլն, ինչպես նաեւ հողատարածքներ տրամադրելու հարցերն են կարգավորում: