Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, այսօր` հուլիսի 19-ին, Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Արգենտինայի դեսպան Դիեգո Էրնեստո Ալվարես Ռիվերային:
Հանդիպմանը Կաթողիկոսը շնորհավորել է դեսպանին նշանակման առիթով` մաղթելով արդյունավետ առաքելություն Հայաստանում, ապա անդրադարձ կատարել երկու երկրների միջեւ առկա համագործակցությանը: Նա ուրախություն է հայտնել, որ Արգենտինայի հետ միջպետական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են գտնվում եւ արտացոլում են երկու ժողովուրդների միջեւ առկա ջերմ կապերը:
Այնուհետեւ Գարեգին Բ-ն անդրադարձել է Արգենտինայի հայ համայնքի դերակատարությանը երկրի կյանքին` նշելով, որ արգենտինահայ համայնքը Սփյուռքի լավագույնս կազմակերպված հզոր համայնքներից է եւ սիրված ու հարգված է երկրում, որտեղ հայությունը շաղախված է երկրի մշակույթին եւ առհասարակ կյանքի բոլոր ոլորտներին: Գարեգին Բ-ն մասնավորապես արգենտինահայերի մեջ ընդգծել է բարեսիրական ոգին, ովքեր իրենց նվիրական պարտքն են համարում զորակցել ազգային կյանքին, հոգեւոր եւ մշակութային տարբեր հաստատություններին:
Իր հերթին Արգենտինայի դեսպանը շնորհակալություն է հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ջերմ ընդունելության համար եւ վստահեցրել, որ պիտի ջանա նպաստել երկու երկրների ու երկու ժողովուրդների միջեւ առկա բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը:



























