Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ավարտել է Երեւան-Աբովյան-Երեւան երթուղիով ուղեւորափոխադրում իրականացնող «Քինգդելյուքս» եւ Երեւան-Չարենցավան-Երեւան երթուղին սպասարկող «Տրանսկոնֆորմ» ընկերությունների դիմումների հիման վրա կատարված ուսումնասիրությունները: Այդ մասին NEWS.am-ին ասաց ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
Տեղեկացնենք, որ համաձայն ՏՄՊՊՀ ներկայացված դիմումների, վերոնշյալ ընկերությունների գործունեությունը խոչընդոտվում է բարեգործական հիմունքներով աշխատող տրանսպորտային միջոցների կողմից:
Ըստ Ա. Շաբոյանի` կատարվել է լայնածավալ աշխատանք՝ փաստաթղթերի ուսումնասիրությունից մինչեւ դիտանցումներ երթուղիներում: Պարզվել է, որ խնդիրն ամբողջությամբ գտնվում է ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության կարգավորման դաշտում:
Հանձնաժողովի որոշմամբ, ուսումնասիրությունների ողջ փաթեթը այսօր կուղարկվի ՀՀ Տրանսպորտի եւ կապինախարարություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ King Delux ընկերության Աբովյան - Երեւան եւ Չարենցավան - Երեւան ուղեւորափոխադրումներ իրականացնող մոտ 40 ավտոբուսի վարորդներ հուլիսի 11-ին գործադուլ են հայտարարել` պահանջելով անօրինական համարել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից նույն երթուղիներով բարեգործական ավտոբուսների շահագործումը:



























