Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Արի տուն» ծրագրով օրերս Երեւան ժամանած սփյուռքահայ պատանիներին, ովքեր Երեւանի քաղաքապետարան էին այցելել ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղեկցությամբ:

«Արի տուն» ծրագրի շրջանակում արդեն շատ պատանիներ են այցելել իրենց պատմական հայրենիքի մայրաքաղաք՝ համայն հայության մայրաքաղաք, ու, վստահ եմ, սիրել են Երեւանը: Թեկուզ կարճ ժամանակով հյուրընկալվելով ու ապրելով հայրենիքում, կարծում եմ հասցրեցիք համոզվել, որ ամենից հարազատ վայրն աշխարհում հենց հայրենիքն է, հայրենի հողը: Կարծում եմ, որ տուն դառնալուց հետո սկսելու եք հաշվել օրերը, թե երբ եք կրկին գալու Հայաստան։ Այդ հարցում, վստահաբար, իրենց դերակատարումն են ունեցել նաեւ ձեզ հյուրընկալող ընտանիքները, ովքեր փոխանցել են ձեզ հայրենիքի սերն ու ջերմությունը: Կարող եք վստահ լինել, որ հայրենիքը՝ Երեւանը, միշտ սպասում է ձեզ»,- ողջույնի խոսքում նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ավելի քան 200 երեխաները Հայաստան են եկել ընթացիկ տարվա ծրագրի հինգերորդ փուլով եւ 20 օր անցկացնելու են հյուրընկալ ընտանիքներում: ՀՀ Սփյուռքի նախարարի խոսքով տարեցտարի ընդլայնվել է մասնակիցների աշխարհագրությունը եւ այս տարի արդեն Երեւան են ժամանել երեխաներ՝ Հայկական սփյուռքի բոլոր համայնքներից: «Խորին շնորհակալությունս եմ հայտնում Երեւանի քաղաքապետարանին ու Երեւանի վարչական շրջանների աշխատակազմերին, որ այսքան սիրով կազմակերպել են մեր երեխաների տունդարձը հայրենիք: Անցնող 4 տարիների ընթացքում Երեւանն է եղել այն հիմնական տունը, ուր եկել են մեր երեխաները, հիացել, զարմացել են Երեւանով»,- նշել է Հրանուշ Հակոբյանը:

Երեւանի քաղաքապետարանում հյուրընկալված բոլոր երեխաները ստացել են Երեւանի մասին տպագիր հուշանվերներ եւ հանդես են եկել իրենց պատրաստած մշակութային փոքրիկ ծրագրով: Այնուհետեւ երեխաները այցելել են Երեւան քաղաքի պատմության թանգարան:

«Արի տուն» ծրագրով Երեւան ժամանած՝ Մոսկվայի Լազարյան եղբայրների անվան դպրոցի տնօրեն Սեդա Գալոյանը հյուրընկալության համար շնորհակալություն է հայտնել Երեւանի քաղաքապետին եւ նվիրել «Մոսկվայի մանկավարժների դինաստիայի պատմությունը» գիրքը, որում պատմվում է նաեւ հայազգի մանկավարժ ընտանիքների մասին: