Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, հոիլիսի 22-ին, տեղի է ունեցել շքանշանի հանձնման արարողություն: Ս. Պատարագի ավարտին Գարեգին Բ-ն Հայ Եկեղեցու «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի է արժանացրել ամերիկաբնակ բարերար Նուբար Աֆեյանին` ի գնահատություն ազգային-եկեղեցական կյանքում իր կարեւոր եւ օգտակար հանձնառությունների:
Մինչ շքանշանի հանձնումը Կաթողիկոսն անդրադարձել է մեծարյալի ազգօգուտ եւ եկեղեցանվեր գործունեությանը: Նա բարձր է գնահատել Աֆեյանի հավատարմությունն ու սերը հանդեպ Հայ առաքելական եկեղեցին` նշելով վերջինիս նշանակալի մասնակցությունն եկեղեցաշինության աշխատանքներում, ի մասնավորի Տաթեւի համալիրի վերանորոգման նվիրական գործին: Գարեգին Բ Հայրապետն ընդգծեց նաեւ տիար Աֆեյանի կարեւոր ներդրումը Արցախի ժողովրդի բարօր կյանքի շինության գործում: Խոսքի ավարտին Գարեգին Բ-ն վերջինիս կուրծքը զարդարել է Հայոց Եկեղեցու պատվո բարձրագույն շքանշանով:
Ս. Պատարագին եւ շքանշանի հանձնման արարողությանը ներկա են եղել նաեւ ազգային բարերարներ տեր եւ տիկին Գառնիկ եւ Անի Յակուբյանները, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ տիար Ռուբեն Վարդանյանը, տիար Կարո Արմենը, ինչպես նաեւ բազում հրավիրյալներ եւ ուխտավորներ:
Հանդիսավոր արարողությունից հետո Մայր Աթոռում տեղի է ունեցել ընդունելություն:
Բարերարներն ու հյուրերը նաեւ շրջել են Մայր Աթոռում` ծանոթանալով ամենայն հայոց հոգեւոր կենտրոնի բարեկարգման հսկայածավալ աշխատանքներին, եղան «Ալեք եւ Մարի Մանուկյան» գանձատանը:




























