Գարնան չոր եղանակի եւ խոտի պակասության պատճառով` աշնանն անասնապահները կարող են չոր խոտի պակաս ունենալ:
NEWS.am-ի հետ զրույցում Գյուղատնտեսության աջակցության մարզային կազմակերպությունների (ԳԱՄԿ) ղեկավարները նշեցին խոտի պակասելու եւ թանկանալու մասին: «Խոտի առաջին քաղն արդեն կատարվել է, եւ անցած տարվա համեմատ, ծավալը մոտ 40%-ով նվազել է», – նշեց Շիրակի ԳԱՄԿ-ի ղեկավար Ջիվան Ասլանյանը: Գարնանը որոշ ժամանակ անընդմեջ անձրեւեր տեղացին, որի պատճառով խոտի պահանջվող աճ չապահովվեց: Այսօր ցանովի կորգնանի ու առվույտի մեկ հակն արժե շուրջ 1500 դրամ եւ թանկանալու միտում ունի:
Խոտի թանկացում` հակերի («տուկերի») հաշվարկով, նկատվում է տարբեր մարզերում. մեկ հակի արժեքը միջինում բարձրացել է 300-600-ից մինչեւ 1200 դրամ:
Ինչպես նշեց Կոտայքի ԳԱՄԿ-ի ղեկավար Արտակ Խալաթյանը, ավելի բարձր խոնավությամբ լեռնային շրջաններում խոտի պակաս այսօր չի նկատվում: Ցածրադիր արոտներում էլ խոտի ծածկն առայժմ բավարար ծավալի է:
Արագածոտնի մարզում խնդիրն ընդգծված է անջրդի արոտավայրերում` Ապարանի եւ Թալինի շրջանում: Արագածոտնի ԳԱՄԿ-ի ղեկավար Խորեն Մկրտչյանի խոսքով` Աշտարակի շրջանում, որը ոռոգվում է Արզնի-Շամիրամ մայր ջրանցքից, խոտի բերքն այնքան բարձր է, որ որոշ տեղերում այն չի էլ հավաքվում: «Խոտի սակավության խնդիր կա Թալինի գյուղերում` Ցամաքասարում, Զարինջայում, Կաթնաղբյուրում, ինչպես նաեւ Արագածում` կապված բնական տեղումերի պակասի հետ»:
Տավուշի մարզում, որտեղ խոտհարքների հիմնական մասը բնական են եւ անջրդի, եւս նկատվում են տարվա չորային սկզբի հետեւանքները, նշեց Տավուշի ԳԱՄԿ-ի ղեկավար Վահան Կարապետյանը, հավելելով, որ արածեցման համար խոտը բավարար է, սակայն աշնանը, հնարավոր է, կերի հետ կապված խնդիրներ առաջանան:
ԳԱՄԿ-երի ղեկավարների խոսքով, դժվար թե խոտի խնդիրը հանգեցնի անասնագլխաքանակի զանգվածային սպանդի:
Ավելի շահեկան դիրքում են գտնվում խոշոր տնտեսությունները` դիվերսիֆիկացված կերային բազայի շնորհիվ: Ինչպես նշեցին «Արզնիի տոհմային ԹՏԽ»-ում, աշնանը եւ ձմեռվա սկզբին խոտի պակասը նրանք կկարողանան լրացնել ցանովի եգիպտացորենի սիլոսով:
Խոտի պակասը նկատում են նաեւ վերամշակողները, սակայն առայժմ կաթի հոսքը չի ընկել, եւ այն փաստացի մթերվում է միջինը 110-120 դրամով: Բազային ընդունման գինը (3.6% յուղայնությամբ կաթի համար) պահպանվում է 130 դրամ, սակայն մի դեպքում (օրինակ` Աշոցքում), ըստ տեղի պանրագործներից մեկի, մթերվող կաթը պակաս յուղային է, իսկ մեկ այլ դեպքում` 130 դրամով կաթն ընդունվում է մեկ այլ խոշոր ձեռնարկության մայր գործարանում` Երեւանում, իսկ մարզերում մեծածախ ընդունող-տեղափոխողները կարող են կաթն այլ գնով մթերել, որպեսզի կաթը Երեւան հասցնելով, կարողանան նույն 130 դրամով այն վաճառել:
Մյուս խոշոր ձեռնարկության ներկայացուցիչը փաստեց, որ անցյալ տարվա հետ համեմատած` առկա է խոտի 15-20% նվազեցում` համեմատած նորմալ սեզոնի հետ, սակայն կաթի գնի վրա դա առայժմ չի ազդում` 3.6%-անոց կաթը մթերվում է 130 դրամով: Այսպիսով, կաթնամթերք արտադրողները տեղական հումքից այս տարի ահազանգ չեն սպասում:
Հիշեցնենք, մինչեւ մայիսի 15-ը գյուղացիական կաթը մթերվում էր 140 դրամից ոչ պակաս, ինչը վերամշակողների մոտ տարբեր արձագանքներ եւ մեկնաբանություններ առաջացրեց:
Արամ Գարեգինյան



























