Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում:
Մեծամորի հիմնախնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով Դերենիկ Դումանյանը ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հետ այցելել է Մեծամորի պոլիկլինիկայի նախկին, այսօր չգործող, տարածք, այնուհետեւ Մեծամորի հիվանդանոցի մասնաշենք, որտեղ տեղակայված է ներկայիս պոլիկլինիկական ծառայությունը:
Նախարարը շրջել է հիվանդանոցի մասնաշենքերում եւ ազատ տարածքում, ծանոթացել ինֆեկցիոն, մանկական, վերակենդանացման, թերապեւտիկ, վիրաբուժական բաժանմունքների գործունեությանը, աշխատանքային պայմաններին եւ խնդիրներին: Հաշվի առնելով առկա վիճակը` նախարարը հանձնարարել է ներկայացնել Մեծամորի հիվանդանոցի զարգացման ծրագիր:
Շրջայցի ընթացքում Դերենիկ Դումանյանը նաեւ հանձնարարել է Արմավիրի մարզպետարանի համապատասխան ծառայության հետ համատեղ կատարել ուսումնասիրություն եւ ներկայացնել հստակ առաջարկ Մեծամորի պոլիկլինիկական ծառայության տեղակայման վերաբերյալ: Միաժամանակ, նախարարը հանձնարարել է Մեծամորի պոլիկլինիկային էլեկտրասրտագրման սարք հատկացնել:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























